Դատական համակարգի անկախացման համար պետք չէ պայքարել: Համոզված է փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով ներկայումս հարկավոր է անկախացնել դատավորներին, և դա հնարավոր է անել միայն մի ճանապարհով. «Դա դատավորների ընտրության մոդելն է: Դատավորները պետք է ընտրվեն, ոչ թե նշանակվեն»,- ասաց փաստաբանը` նաև փաստելով, որ ներկայումս չկա նման պահանջարկ. «Իրականում այսօր ոչ մեկի, այսինքն` այն մարդկանց մասին է խոսքը, ովքեր որոշում են կայացնում, պետք չէ անկախ դատավոր»:
Փաստաբանի համոզմամբ այդ գիտակցումը կգա, երբ իրավիճակը հասնի անելանելի վիճակի. «Հասարակական բոլոր ոլորտներին այս ծանր վիճակից դուրս բերողը կարող է լինել միայն դատական համակարգը, երբ որ վերահաս լինի այն գիտակցում, թե դատավորի անկախացումից շատ բան է կախված և դա ավելի է պետք, քան սեփական լծակներն ունենալ ամեն մի դատավորի նկատմամբ, ապա այդ ժամանակ ավելի լուրջ կմտածեն նշյալ ուղղությամբ և կտեսնեն միակ ելքը, այն է` ընտրությունների ճանապարհով գոնե առաջին ատյանի դատարաններին ձևավորել, իսկ արդեն վերադաս դատական ատյանների կազմավորումը կարող է իրականացվել նշյալ դատավորների միջոցով»,- եզրահանգեց պարոն Ալումյանը: