Սեպտեմբերի 5-ին ոստիկանության կրթահամալիրն ընդունել էր բարձրաստիճան հյուրերի` ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուին, ոստիկանության գծով փորձագետ Ուլֆ Ջոնսոնին, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին: Առիթը հիշարժան էր. կրթահամալիրի մարզադահլիճները կահավորվեցին մարզագույքով: Նվիրատվությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից էր: Ոստիկանության կրթահամալիրի նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը միշտ էլ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է, իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ այն վաղուց գործնական բնույթ է կրում:
Անդրադառնալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ գործընկեությանը` ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ բարեփոխումների փուլ թեւակոխելուց հետո Հայաստանի ոստիկանությունը մշտապես զգացել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ցուցաբերվող իրական աջակցությունն ու օժանդակությունը: