Թատերագետ Լևոն Մութաֆյանն առաջիկայում պատրաստվում է հակընդեմ հայց ներկայացնել

«Ես անպայման բողոքարկելու եմ դատարանի այդ որոշումը, քանի որ այն երգիծական ժանրից է: Առանց որևէ հիմնավորման, առանց որևէ փաստական հիմքի դատարանը կայացնում է որոշում՝ ըստ որի պետք է ինձանից բռնագանձել 150 հազար դրամ»,- անդրադառնալով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին՝ ասաց թատերագետ Լևոն Մութաֆյանը:

Հիշեցնենք, որ դատարանը մասնակիորեն բավարարել էր արվեստագետներ Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Արևշատյանի, Սարո Գալենցի, Աննա Երզինկյանի, Մարգարիտա Ռուխկյանի, Տարոն Մուրադյանի հայցը՝ պարտավորեցնելով Լևոն Մութաֆյանին հրապարակային ներողության խնդրել իր ֆեյբուքյան էջում կատարած գրառման համար:

Լևոն Մութաֆյանը, դատարանի վճռի համաձայն, բացի հրապարակային ներողություն խնդրելը, պետք է նաև վճարի փոխհատուցում՝ զրպարտության համար 100 հազար դրամ, իսկ վիրավորանքի համար 50 հազար դրամ:

Լևոն Մութաֆյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը 150 հազար դրամ վճարելը չէ. «Խնդիրն այստեղ սկզբունքն է: Իմ նպատակն է ցույց տալ, որ դատարանները երբեմն կայացնում են որոշում՝ ըստ քմահաճույքի»:

Եթե ներպետական ատյանները սպառվեն, իսկ կայացված որոշումները չբավարարեն թատերագետին՝ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«Սա ինձ համար հրաշալի առիթ կլինի, որպեսզի ես ցույց տամ, թե ինչպե՞ս են Հայաստանում բռնանում ժողովրդավարության վրա»,- ասաց Մութաֆյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է իմ առաջին հրապարակմանը՝ «Նկարիչների մաֆիան՝ ընդդեմ նախագահի», դա ես եմ գրել և պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Երկրորդ հրապարակման (հեղ. հանձնաժողովի անդամների մասին խոսելիս մեջբերում է. «բարոյապես անմաքուր եւ հոգով պոռնիկ մարդիկ անարգեցին անգամ ՀՀ նախագահի մրցանակը, և ամեն մեկը ծախվելով անվանի, սակայն վատ աշխատանքներ ներկայացրած նկարչի խոստացած կաշառքին ծախեցին երկրի նախագահին ու գետնին հավասարեցրին նրա անունը») հեղինակը ես չեմ: Ես չեմ պատրաստվում պատասխան տալ իմ չգրածի համար»:

Ըստ Մութաֆյանի՝ այստեղ կա անձնական վրեժխնդրություն, սակայն ինքը պատրաստվում է մինչև վերջ պայքարել. «Հայցվոր կողմը որևէ փաստ չունի, որ երկրորդ հրապարակման հեղինակը ես եմ: Իմ պարզաբանումների մեջ նշել եմ, որ հայցը հիմնավորելու խնդիրը դրված չէ պատասխանողի վրա: Դա պարտավոր է անել հայցվոր կողմը: Նրանք պետք է հիմնավորիչ փաստարկներ ներկայացնեին, որ դա կոնկրետ պատկանում է ինձ: Ես երբեք ինձ թույլ չէի տա օգտագործել անձը վիրավորող այնպիսի արտահայտություններ, որոնք կունենային իրավական հետևանքներ»:

Լևոն Մութաֆյանը վերջին դատական նիստից առաջ դատարանին է ներկայացրել պարզաբանում՝ նշելով, որ երկրորդ հրապարակումն իրեն չի պատկանում:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչո՞ւ է այդքան ուշ պարզաբանում ներկայացրել, երբ դատական նիստն ընթանում էր գրեթե մեկ տարի, Մութաֆյանը պատասխանեց. «Դա իմ իրավունքն է: Ես գործի հենց սկզբից էլ դատարանին եմ ուղարկել նամակ, որտեղ ներկայացրել եմ «Գոլոս Արմենիի» օրաթերթում հրապարակված մի հոդված, որտեղ հանձնախմբի անդամները վիրավորել են իմ անձը, արժանապատվությունը, գործարար համբավը: Հոդվածում նրանք ինձ անվանում են հոգեկան հիվանդ: Սրանից պարզ է դառնում, որ ես ի սկզբանե նշել եմ, որ այս քաղաքացիական հայցի հետ կապված ունեմ առարկություններ»:

Թատերագետն առաջիկայում պատրաստվում է հակընդեմ հայց ներկայացնել. «Ես չէի ուզում աղմուկ բարձրացնել, դիմել դատարան՝ մանավանդ, որ նրանց մեջ կան լուրջ մարդիկ: Բայց հիմա պատրաստվում եմ դիմել ու գնալ առաջ»:

Հ.Գ. Խնդրի վերաբերյալ հայցվոր կողմի դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Արև Ավագյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել