Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով մասնակիորեն բավարարվել է արվեստագետներ Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Արևշատյանի, Սարո Գալենցի, Աննա Երզինկյանի, Մարգարիտա Ռուխկյանի, Տարոն Մուրադյանի հայցը՝ պարտավորեցնելով թատերագետ Լևոն Մութաֆյանին հրապարակային ներողության խնդրել իր ֆեյբուքյան էջում կատարված գրառման համար: Այսինքն՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում «www.blognews.am» և «www.pressing.am» կայքերի միջոցով անմիջապես հրապարակել հերքում՝ ըստ վճռում սահմանված տեքստի:
Բացի այս Լևոն Մութաֆյանը, դատարանի վճռի համաձայն, պետք է վճարի փոխհատուցում՝ զրպարտության համար՝ 100 հազար դրամ, իսկ վիրավորանքի համար՝ 50 հազար:
Հիշեցնենք, որ թատերագետ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ էր կատարել, որոնք, ըստ հայցվոր կողմի, պարունակել են որոշակի «մեղադրանքներ»` ուղղված ՀՀ նախագահի «Արվեստ» անվանակարգի մրցանակի հանձնաժողովի անդամներին: Այդ գրառումները հրապարակել են Blognews.am և Pressing.am կայքերը:
Հանձնաժողովի վերոնշյալ անդամները դիմել են դատարան՝ պահանջելով հրապարակային ներողության խնդրել արված արտահայտությունների համար, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար փոխհատուցել 3 միլիոն դրամ՝ 1 միլիոնը` վիրավորանքի, իսկ 2 միլիոնը զրպարտության համար:
Հայցվոր կողմի փաստաբան Արփինե Եղիկյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կայացված վճիռը չեն պատրաստվում բողոքարկել Վերաքննիչ դատարան:
«Հայցվորների համար առաջնայինն իրենց պատվի և արժանապատվության խախտման փաստն արձանագրելն էր, իսկ պատիվն ու արժանապատվությունն այն հասկացություններն են, որոնց խախտման համար պատասխանատվությունը դրամական փոխհատուցմամբ չափել չի կարելի: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված առավելագույն 3 միլիոն դրամի չափով փոխհատուցումն այս պարագայում ևս կարելի է համարել սիմվոլիկ: Սիմվոլիկ է նաև դատարանի կողմից սահմանված փոխհատուցման չափը, ինչը նշանակելիս հաշվի է առնվել նաև պատասխանողի գույքային դրությունը»:
Ըստ փաստաբանի՝ այդ թվերն ամենևին չեն նշանակում, թե հայցվորների վիրավորանքը չափվել է որոշակի գումարով, ինչպես սխալմամբ կարծում ու իր կարծիքն է հրապարակում պատասխանող Լևոն Մութաֆյանը:
Փաստաբանը մեկնաբանեց նաև այն, թե ինչո՞ւ են դատարան դիմել հանձնախմբի ոչ բոլոր անդամները. «Իրականում հանձնաժողովը բաղկացած է ոչ թե ութ, այլ յոթ անդամից: Եթե դատական պաշտպանության դիմել են նրանցից 6-ը, դա չի նշանակում, որ մյուս անդամը չի վիրավորվել: Սա ընդամենը նշանակում է, որ իրենց պատվի ու արժանապատվության դատական պաշտպանության իրավունքից օգտվել են 6 անդամ, և հայցվորների թիվն ամենևին չի թուլացնում պահանջի հիմնավորվածությունը»:
Արփինե Եղիկյանն անդրադարձավ նաև Մութաֆյանի կատարած 2-րդ գրառմանը, որտեղ հանձնաժողովի անդամների մասին խոսելիս մեջբերում է. «բարոյապես անմաքուր եւ հոգով պոռնիկ մարդիկ անարգեցին անգամ ՀՀ նախագահի մրցանակը, և ամեն մեկը ծախվելով անվանի, սակայն վատ աշխատանքներ ներկայացրած նկարչի խոստացած կաշառքին ծախեցին երկրի նախագահին ու գետնին հավասարեցրին նրա անունը»:
«Լևոն Մութաֆյանը պնդում է, թե այս հրապարակման հեղինակն ինքը չէ: Նշեմ, որ դատական գործընթացը սկսվել է դեռևս 2013թ.-ի հունիս ամսին, մի քանի անգամ հետաձգվել է Մութաֆյանի միջնորդությամբ՝ փաստաբան ներգրավելու, պատասխան ներկայացնելու պատճառաբանությամբ: Գործով վճիռը կայացվել է մոտ մեկ տարի անց՝ 2014թ.-ի հունիսի 16-ին: Գործի քննության ողջ ընթացքում նա չի առարկել, չի նշել, որ երկրորդ հրապարակման հեղինակն ինքը չէ, դատական գործընթացի ընթացքում տված հարցազրույցներում նշել է, թե չի հրաժարվում իր քննադատություններից: Միայն վերջին դատական նիստից առաջ նա գրավոր բացատրություն էր ներկայացրել դատարանին, որում նշել էր նաև, թե երկրորդ հրապարակման հեղինակն ինքը չէ: Այլ լրատվամիջոցներ ևս տեղադրել են այդ մեկնաբանությունները՝ հղում անելով վերը նշված երկու կայքերին»,- ասաց փաստաբանը:
Վերջինիս խոսքով՝ վիրավորանք ու զրպարտություն պարունակում է ոչ միայն երկրորդ, այլ նաև առաջին հրապարակումը: Երկու հրապարակումներն էլ առկա են համացանցում և որպես հեղինակ նշված է Լևոն Մութաֆյանը:
Զրույցի վերջում փաստաբանը նկատեց. «Եթե Մութաֆյանը՝ որպես շահագրգիռ անձ, համաձայն չէր ՀՀ Նախագահի Կարգադրության կամ հանձնախմբի որոշման հետ, ապա կարող էր օրենքով սահմանված կարգով բողոքարկել դրանք, այլ ոչ թե մարդկանց մեղադրանքներ ներկայացնել»:
Արփինե Եղիկյանի կարծիքով՝ Լևոն Մութաֆյանն անգամ վճռի հրապարակումից հետո տարբեր հարցազրույցներում շարունակում է մեղադրանքներ հնչեցնել հանձնախմբի անդամների հասցեին:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Լևոն Մութաֆյանը նշեց, որ ինքը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան, ինչպես նաև հանդես կգա հակընդեմ հայցով:
Մանրամասները՝ առաջիկայում:
Արև Ավագյան