Եվս մեկ նախագիծ` միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար

Արդարադատության նախարարությունը Կառավարություն է ներկայացրել  որոշման մի նախագիծ, որով առաջարկում է «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ դատական վարույթի ընթացքում և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարմանն առնչվող գործերով:

Նախագծում մանրամասն նշվում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն նշանակում է կենտրոնական մարմին, որը ստանձնում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ուղարկված իրավական օգնության հարցումները ստանալու և դրանք կատարելու իրավասություն ունեցող մարմնին փոխանցելու պարտականությունը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունն իրականացվում է մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով, իսկ դատարանի վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ, այդ թվում՝ դատավճիռներ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կկատարվի Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված կենտրոնական մարմնի նշանակումը, որը հնարավորություն կտա պատշաճ կերպով իրականացնել միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան (Կոնվենցիա) վավերացրել է 2006թ. հոկտեմբերի 23-ին, որը գործողության մեջ է դրվել 2006թ. նոյեմբերի 25-ից։

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ