Դատական դեպարտամենտի նախկին աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնական Արմեն Դավթյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանի Վերաքննիչ բողոքը բավարարվել է:
Դեռևս մարտի 3-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Արմեն Դավթյանին դատապարտել էր 4 տարի ազատազրկման:
«Դատարանը պատիժը սահմանել էր, սակայն քննության չէր ենթարկել նրան պայմանական ազատելու հարցը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Կարապետ Աղաջանյանը:
Նշենք, որ դեռևս պաշտպանական ճառի ժամանակ Կարապետ Աղաջանյանն անդրադարձել է այդ հարցին՝ մատնանշելով բոլոր այն հիմքեր, որոնք հաշվի առնելով կարելի է կիրառել նշված հոդվածը. «Նախքան քրեական գործ հարուցելը վնասն ամբողջությամբ վերականգնված էր, ունի անչափահաս երեխաներ, նախկինում դատված չի եղել, ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, աջակցել է վարույթն իրականացնող մարմնին: Կարծում եմ, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հնարավոր է տվյալ գործով հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը»:
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը քննության չի առել պաշտպանի միջնորդությունը, ինչպես նաև հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպեր, պաշտպանի բողոքը հունիսի 11-ի որոշմամբ համարել է հիմնավոր:
Հիշեցնենք, որ Արմեն Դավթյանի մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1 -ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը:
Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Արև Ավագյան