«Որևէ արդար, անմեղ մարդ չի կարող ենթարկվել պատասխանատվության: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայտնաբերվեն մեղավորները և ենթարկվեն պատասխանատվության»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Վերջինս դատախազության օրվան ընդառաջ` ներկայացրեց այն հիմնական աշխատանքներն ու ուղղությունները, որոնք կատարվել են իր պաշտոնավարման ժամանակ:
Գլխավոր դատախազը կարևորեց նախևառաջ կատարված կառուցվածքային փոփոխությունները: Ըստ այդմ՝ կառուցվածքային ստորաբաժանումները մասնագիտանում են ըստ դատախազական լիազորությունների. «Աշխատանքի կազմակերպման այս մեխանիզմը դատախազին հնարավորություն է տալիս մասնագիտանալու ոչ թե ըստ հանցագործության բնույթի, այլ ըստ դատախազական լիազորությունների: Փոփոխությունների արդյունքում ունենում ենք չորս-հինգ ֆիլտր: Մեր համոզմամբ, վերահսկողության ուժեղացումը և վերահսկողության նոր մեթոդների կիրառումը կհագնեցնի նրան, որ արդյունքում կհասնենք ապօրինի, անօրինական, ոչ պատշաճ հիմնավորված դատախազական ակտ»
Ըստ նրա՝ այդ ոլորտում արդեն արձանագրվել են որոշակի հաջողություններ:
Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո շուրջ 80 դատախազ է ազատվել զբաղեցրած պաշտոնից: «Այս պարագայում գործ ունենք դատախազության համակարգում իրականացվող սերնդափոխության հետ, երբ դատախազությունում նշանակվում են նոր գիտելիքներով և նոր մոտեցումներով մարդիկ: Արդյունքում մենք ունենք նորացված դատախազական համակարգ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Դատախազների առջև նոր պահանջներ են դրվել՝ պրոֆեսիոնալ աշխատանք, կաշառքի բացառում, ապաքաղաքականացվածություն: Գլխավոր դատախազի խոսքով՝ սրանք ևս կարող են աշխատանքից ազատման պատճառ լինել: Միաժամանակ ցավով նշեց, որ համակարգից դուրս են եկել նաև պրոֆեսիոնալ, ազնիվ մարդիկ, ովքեր, ունենալով սոցիալական, տնտեսական, անձնական բնույթի մի շարք խնդիր, չեն կարողացել հաղթահարել դրանք:
«Կատարված փոփոխությունները միայն դրական ազդեցություն են ունեցել մեզ վրա, և եթե դրանք նկատելի չեն այս պահին, ապա շատ շուտով ակնհայտ կլինեն»,- վստահեցրեց Կոստանյանը:
Անդրադառնալով կոռուպցիոն դրսևորումներին` գլխավոր դատախազը նշեց. «Նման երևույթները բացահայտվելուն պես խիստ կպատժվեն: Կոռուպցիոն վարքագիծն անբարոյական վարքագիծ է ոչ միայն հասարակության, այլ նաև դատախազության նկատմամբ: Ես ևս մեկ անգամ վստահեցնում եմ, որ մեզ մոտ համակարգային կոռուպցիա գոյություն չունի, իսկ եթե լինեն անհատական դրսևորումներ, ապա ես վստահեցնում եմ, որն կպատժվեն խստագույնս»:
Գևորգ Կոստանյանը նաև նկատեց, որ շատերը, ովքեր ներգրավված են եղել այդ կոռուպցիոն սխեմայի մեջ, հնարավոր է դժգոհեն տեղի ունեցած փոփոխությունից, քանի որ այդ անօրինական ճանապարհով հեշտ է հասնել ցանկալի արդյունքի, իսկ կոռուպցիոն սխեմայի բացակայության պայմաններում ոչ-ոք չի հասնում իր ցանկալի արդյունքին և դժգոհության ալիք է բարձրանում:
Արև Ավագյան