Սույն թվականի հունիսի 23-ին հերթական անգամ մեր հասարակությունը դարձավ հայրենի ոստիկանության անօրինական, վայրագ, ոչ ադեկվատ ու անմարդկային վարքի դրսևորումների ականատեսը:
Այդ օրը ՀՀ մի խումբ պահանջատեր, ազատամիտ և գիտակից քաղաքացիներ իրացնում էին իրենց սահմանադրական ու քաղաքացիական իրավունքը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի դիմաց՝ բողոքելով հերթական անարդարության ու գրպանահատության փորձի դեմ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կանխելու նպատակով, որին ի պատասխան ՀՀ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խստագույնս դատապարտում ու ամոթալի է համարում ՀՀ ոստիկանության` ս. թ. հունիսի 23-ին ցուցաբերած հակաօրինական վարքը ՀՀ քաղաքացիների հանդեպ և հայտարարում է, որ լինելու է ծայրաստիճան անհանդուրժող որևէ կառույցի, այդ թվում ոստիկանության անօրինական ու անմարդկային վարքի հանդեպ՝ մշտապես մնալով բացառապես օրենքի դաշտում, կիրառելով օրենքով ընձեռնված իրավունքների ողջ զինանոցը՝ համաչափ պատասխան տալով ցանկացած ուժի, որը կհամարձակվի ոտնահարել ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրեն կդրսևորի այնպես, ինչպես հատուկ է հրոսակախմբերին:
ՀՀ ոստիկանությունը սնվում է մեր իսկ վճարած հարկերից, և այն կոչված է իրապես պաշտպանելու օրենքն ու հանրային շահը, այլ ոչ թե վերածվելու «համիդիե» հրոսակախմբերի:
Մենք կասկած չունենք, որ մեր հասարակությունն իսկապես արժանի է ունենալու 21-րդ դարի քաղաքակիրթ հասարակություններին հարիր և հանրության շրջանում վստահություն ու հարգանք վայելող ոստիկանություն, այլ ոչ թե ոստիկանություն, որն արատավորում է իշխանության ներկայացուցչի՝ իրավապահի վեհ կոչումը: Եվ եթե պատկան մարմիններն ի վիճակի չեն ձգելու հրոսակախմբերի սանձերը, ուրեմն դա պիտի անի քաղաքացիական հասարակությունը:
Ի դեպ, հիասթափեցնելու ենք բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե ս. թ. հունիսի 23-ի և նմանատիպ դեպքերի շնորհիվ կկարողանան կոտրել մեր անկոտրուն կամքը՝ հաստատելու իրավունքի գերակայություն: Չպետք է մոռանալ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, պետություն, որտեղ իր քաղաքացին իշխանության կրողն է:
Միևնույն ժամանակ պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից սույն հայտարարության և ԶԼՄ-ներում հրապարկված տեսանյութերի հիման վրա բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն կատարել ու անցկացնել ծառայողական քննություն՝ այդ օրը ծառայություն իրականացնող օրինազանց, բիրտ և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու նպատակով: