Հասարակությունը շուտով այլևս հնարավորություն չի ունենա տեղեկանալու, թե որքան գումար է ծախսվում պետական բյուջեից հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց`ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի կեցության, սննդի, տրանսպորտային սպասարկման և արարողակարգային ծախսերի վրա: Ընդ որում` տրանսպորտային սպասարկման մեջ մտնում է նաև տրանսպորտի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, իսկ արարողակարգային ծախսերի մեջ` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկումը: Այս փոփոխությունն առաջարկվում է ներառել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:
Նման նախագիծ Ազգային ժողով է ներկայացրել Կառավարությունը` առաջարկելով լրացումներ կատարել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Որպես նախագծի ընդունման հիմնավորում` Կառավարությունը նշել է, որ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաև խիստ հսկողություն սահմանել և գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի հետ կապված գործառնությունները:
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:
Օրենքի նախագիծը բավականին բուռն քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ ընդունվել է 65 կողմ, 40 դեմ, 2 ձեռնպահ ձայների բաշխվածությամբ:
Նշենք, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է տրամադրվում ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին: Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել ՀՀ Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում: