Օրեր առաջ նշանակված վարչապետ Հովիկ Աբրահամյանի եկամուտը 2013 թվականին կազմել է 42 միլիոն 976 հազար 200 դրամ:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների հայտարարագրից:
Վերոնշյալ գումարից 2 միլիոն 976 հազար 200 դրամը նորանշանակ վարչապետը ձեռք է բերել աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից, իսկ 40 միլիոն դրամը կազմել են նրա այլ եկամուտները:
Հովիկ Աբրահամյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 280 միլիոն դրամ, որը տարվա ավարտին նվազել է` հասնելով 270 միլիոնի, ինչպես նաև 2 միլիոն ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա ավարտին կազմել է 1 միլիոն 195 հազար դոլար:
Նշենք, որ վարչապետը 2013 թվականի ընթացքում որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել:
Հայտարարագրում որպես փոխկապակցված անձ նշված Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի եկամուտները 2013 թվականին եղել են ավելին, քան իր ամուսնունը. 45 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ստացել է այլ եկամուտներից:
Նրա գումարները 2013 թվականի հարկային տարվա սկզբում կազմել են 302 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 300 միլիոն դրամ: Նույն ժամանակաշրջանում նվազել է նաև հայտարարագրված 2 միլիոն 900 հազար դոլարը՝ դառնալով 2 միլիոն 850 հազար դոլար: