Ճաղերից այս կողմ. կալանքը` բացառիկ խափանման միջոց Քրդատ նոր օրենսգրքի նախագծով

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելը Հայաստանում մեծ խնդիր է դարձել: Դրա վառ ապացույցն է շատ կարճ ժամանակը մեկ հռչակվող համաներումները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նրա կարծիքով` կասկածյալների և մեղադրյալների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու փոխարեն, պետությունը ստիպված է լինում այսպես ասած իր սխալներն ուղղել համաներումների տեսքով:

«Մեզ մոտ կալանքը դարձել է կանխավարկած: Եթե անձը մեղադրվում է միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ապա խափանման միջոց է ընտրվում միայն կալանավորումը»,- նշեց Երվանդ Վարոսյանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հավաստիացմամբ` հավելյալ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը կամ այն, որ դեռևս նախաքննությունը չի ավարտվել, անձին շարունակվող կալանքի տակ պահելու հիմք չէ:

«Մեր մոտ տարածված դատական պրակտիկա է, որ դատարանները, ի թիվս այլ հանգամանքների, իրենց որոշումներում նաև նշում են, որ դեռևս կատարվում են քննչական գործողություններ և այդ պատճառով անհրաժեշտ է, որ անձը մնա կալանքի տակ»,- հայտնեց Արա Ղազարյանը: Նրա խոսքով` Վճռաբեկ դատարանի նախադեպ ունենք, որն ասում է` այս ամբողջը պետք է հիմնավորվի գործի փաստերով, այլ ոչ թե օրենսդրական նորմերի պարզ շարադրմամբ:

Մասնագետի կարծիքով` այսօրվա պրակտիկան տարբերվում է 2006-2009 թվականների պրակտիկայից: Այն ժամանակ միայն օրենսդրական ձևակերպումներ էին շարադրվում առանց փաստերի, այսօր մենք տեսնում ենք, որ փաստերը կան, փաստերի վերլուծություն էլ կա, բայց հաճախ փաստերի վերլուծությունը ձևական է արվում և իրական կապ չկա նպատակի և միջոցի միջև: Եթե փաստերի վերլուծություն արվի, ապա կտեսնենք, որ կալանքի անհրաժեշտություն գործերի մեծ մասում չկա: Նրա խոսքով`պետք է ջանքեր գործադրել փոխելու դատական այս պրակտիկան:

«Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հստակ սահմանում է, որ կալանավորման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է փաստերով հիմնավորվի: Այսինքն` դու ոչ միայն պետք է ասես, որ այս անձը կարող է փախչել, այլ պետք է փաստ ներկայացնես, թե ինչն է քեզ հիմք տվել կարծելու, որ այդ անձը կարող է փախուստի դիմել, հանցանք գործել, ճնշում գործադրել վկաների, տուժողների վրա և այլն,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը:

ՀՀ դատական դեպարտամենտի կողմից հրապարակված 2013թ-ի ընթացքում ՀՀ դատարանների գործունեության վերաբերյալ ամբողջական վիճակագրության մեջ նշվում է, որ 2013 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4039 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերվող 17777 միջնորդություն, որից 14530 (81,7%)-ը վերաբերվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին, որից 3172 (21,8%)-ը հանդիսացել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն: Նշվածից 3011-ը (94,9%) բավարարվել է, 153-ը (4,85%) մերժվել, իսկ 8-ը (0,25%) թողնվել է առանց քննության: Նույն ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացվել է գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին 576 միջնորդություն, որից 129-ը (22,4%) բավարարվել է, 427-ը (74,1%) մերժվել, 16-ը (2,8%)` թողնվել է առանց քննության, իսկ 4-ը (0,7%) 2013 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ եղել է անավարտ:

Արա Ղազարյանի խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի խափանման միջոցներից կալանքի կիրառումը նվազում է, բայց անձին կալանավորելու մասին միջնորդությունների բավարարման առումով նվազում չի նկատվում. խնդիր առկա է:

Այստեղ պետք է հիշել նաև, որ 2013 թվականի նոյեմբերի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարական էր տվել վերանայել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերը և դիտարկել այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը:

Ռուբեն Մելիքյանի կարծիքով` Դատական դեպարտամենտի հրապարակած վիճակագրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող գործիքներն ամբողջությամբ բավարար չեն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու խնդիրը նվազեցնելու համար և նոր օրենսգիրքն այստեղ անելիք ունի:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները, որոնց տեսակներն են տնային կալանքը, ոստիկանության հսկողությանը հանձնելը, գրավը, Հայասատանի Հանրապետությունից բացակայելու արգելքը, պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը, երաշխավորությունը, հսկողության հանձնելը:

Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ:

Նախագծով սահմանվել է, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը անհնարին է կամ անբավարար մեղադրյալի անօրինական վարքագիծը կանխելու համար:

Ռուբեն Մելիքյանի խոսքով` Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանված խափանման միջոցներն արտահայտում են այն ստանդարտը, որը գոյություն ունի այսօր քաղաքակիրթ աշխարհում, սակայն, պայմանավորված մեր երկրի առանձնահատկություններով, որոշակի նորարարություններ են արվել:

«Նախագծով գրավն ընդգրկվել է այլընտրանքային խափանման միջոցների տեսակների մեջ: Մենք սահմանել ենք, որ գրավը կարող է կիրառվել քննիչի կողմից դատախազի համաձայնությամբ: Այսօր քննիչը չի կարող գրավ կիրառել: Նա պետք է միջնորդի դատարանին կալանք կիրառել, հետո համաձայնի մեղադրյալի միջնորդությանը, որ կալանքը փոխարինվի գրավով»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նրա կարծիքով` այլընտրանքային խափանման միջոցներից շատ կարևոր են տնային կալանքը և վարչական հսկողությունը: Այս խափանման միջոցներն արդյունավետ  կաշխատեն այն դեպքում, եթե կարողանան ապահովվել նաև դրանց տեխնիկական կողմը` ունենալով էլեկտրոնային սարքեր, որոնք շատ երկրներում օգտագործվում են:

Ըստ Երվանդ Վարոսյանի` այլընտրանքային խափանման միջոցները կարող են դրական ազդեցություն ունենալ, որ կալանքն այդքան հաճախ չկիրառվի, բայց եթե նախագծից հանվի այն դրույթը` համաձայն որի հիմնավոր կասկածը բավարար է, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձը մինչդատական վարույթում մինչև մեկ ամիս ժամկետով կալանավորվի:

«Սա հանգեցնելու է նրան, որ էլ ավելի է վատանալու կալանքի հետ կապված առկա առանց այդ էլ ծանր իրավիճակը Հայաստանում: Սա հանգեցնելու է նաև կալանքի կանխավարկածին, այսինքն` եթե անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, օրինագծի կարգավորման պայմաններում, նա միանշանակ պետք է կալանավորվի, որովհետև եթե միայն դա է հիմքը, այդ հիմքը միշտ էլ լինելու է: Մենք բոլորս լավ պատկերացնում ենք, եթե անձին կալանավորում են, հետո էլ պատիժը նշանակում են ազատազրկման ձևով: Ցավոք սրտի, այդ ադաթային համակարգը դեռևս շարունակում է գործել»,- պնդում է փաստաբանը:

Արա Ղազարյանի կարծիքով խնդրահարույց այդ կարգավորումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

«Կոնվենցիան ընդհանրապես դեմ է կանխավարկածների ուժով կալանքի նշանակմանը կամ երկարացմանը: Կոնվենցիան ասում է` վարույթի յուրաքանչյուր հատվածում փաստերի հիման վրա պետք է որոշեք կալանքի անհրաժեշտությունը և դա չպետք է լինի կանխավարկածի հիմքով, այլ միայն փաստերի հիմքով»,- նշեց մասնագետը:

Նրա խոսքով Վճռաբեկ դատարանը հիմնավոր կասկածը մեկնաբանում է` փաստ, տեղեկություն կամ ապացույց: Այսինքն` ցանկացած փաստ, ցանկացած տեղեկություն, որ վարույթն իրականացնող մարմնի ձեռքին կա, որը ցույց է տալիս` հնարավոր է այդ անձը կատարած լինի այդ հանցագործությունը, արդեն իսկ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարում է:

«Մենք նաև փորձել ենք բարեխիղճ քննիչի վիճակը թեթևացնել: Եթե մենք ուզում ենք, որ խաղի կանոնները հստակ լինեն, ապա մենք նաև մյուս կողմի մասին պետք է մտածենք: Հնարավո՞ր է արդյոք կարճ ժամանակամիջոցում` 3 օրում, հիմնավորել փախուստի վտանգը, նոր հանցանք գործելու վտանգը և այլն»,- վիճահարույց կարգավորման մասին ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նրա փոխանցմամբ` նվազեցվել է մինչդատական վարույթում կալանքի համար անհրաժեշտ պայմանների և հիմքերի շեմը, բայց հետո քննիչը պետք է կարողանա հստակ հիմնավորումներ ներկայացնել անձի կալանքի տակ պահելն արդարացնելու համար:

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն Իրավաբան.net-ին հայտնեց, որ օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ իրենք առաջարկել են նոր երաշխիքներ ամրագրել խնդրահարույց իրավակարգավորման մեջ. դատարանին հնարավորություն տրվի ստուգել հիմնավոր կասկածը և այն, թե արդյոք  քրեաիրավական որակումը համապատասխանում է ներկայացված փաստերին:

«Շատ են դեպքերը, երբ որ նախաքննության մարմինն ուղղակի ծանր հոդված առաջադրելով մի խնդիր է լուծում` անձին կալանավորվելու խնդիրը, իսկ գործի քննության ընթացքում, որոշակի պայմանավորվածությունների արդյունքում, փորձում են հոդվածն ավելի մեղմացնել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ռուբեն Մելիքյանի խոսքով ԱԺ-ում քննարկումները շատ կառուցողական են: Այդ հարցը ճիշտ բացահայտված ռիսկ է, և այդ ռիսկը պետք է կանխել: Ըստ նրա` դեռևս դրա լուծումը չի գտնվել, բայց կարծում է, որ ճիշտ ուղղության վրա են:

Ռուբեն Մելիքյանի բնորոշմամբ` նախագծի կարևոր ուղղություններից մեկն էլ այն է, որ փորձել են ձերբակալման և կալանավորման կապը հնարավորինս համակարգային դարձնել. «Ձերբակալման իրավաչափությունը ներառվել է կալանավորման հարցը քննարկելիս դատական ստուգման ոլորտ: Ոչ բոլոր երկրներն են իրենց թույլ տալիս նման քայլ անել»:

Այս մոտեցումն Արա Ղազարյանը նորարարական է համարում և ուզում է, որ օրենսգիրքը շուտափույթ ընդունվի, բայց մի բան նրա կարծիքով թերի է օրենսգրքի նախագծում` դատաքննության փուլում կանոնակարգված չէ կալանքի ժամկետները:

«Նույն Պողոսյանի, Մինասյանի գործով Եվրոդատարանն ասում է, որ վարույթի ցանկացած փուլում կալանքի տակ գտնվող անձի համար պետք է հստակ սահմանված լինի, թե ինքը դեռ որքան է կալանքի տակ մնալու: Այսինքն` պետք է ժամկետները հստակ կանոնակարգված լինեն: Նախաքննության փուլում կանոնակարգված է, դատաքննության փուլում` ոչ,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետն ու հավելեց,- երբ դատաքննությունը սկսվում է, նշանակում է կանխավարկածի ուժով, քանի դեռ դատաքննությունն ընթացքի մեջ է, անձը պետք է շարունակի մնալ կալանքի տակ, և նրա համար անորոշություն է, նա չգիտի, թե քանի ամիս պետք է մնա կալանքի տակ: Ճիշտ է նրա պաշտպանը ցանկացած պահի կարող է միջնորդել դատարանին, որպեսզի կալանքի անհրաժեշտության հարցը քննության առնվի, բայց այդ միջնորդությամբ ապահովվում է կալանքի օրինականության դատական ստուգումը, բայց ես խոսում եմ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասով իրավական որոշակիության` օրինականության սկզբունքի մասին»:

Մի կարևոր փաստ ևս. Քրդատ նոր օրենսգրքի նախագծով խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու հարցի քննության դատական նիստը դռնբաց է լինելու, եթե դատարանը չորոշի փոխել հրապարակայնության մասին որոշումը։

Արա Ղազարյանը Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հեղափոխական փաստաթուղթ է համարում: Նրա կարծիքով` օրինագծով արված համակարգային փոփոխություններին մի կողմից նպատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, մյուս կողմից` նոր օրենսգրքի նախագիծը մշակող անձանց ցանկությունը: Երվանդ Վարոսյանը ևս կարծում է, որ օրենսգրքի նախագծով շատ լավ գաղափարներ, մոտեցումներ ու ձևակերպումներ կան, բայց այդ ամենն իրականացնելու համար կամք է պետք:

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Նորություններ

Իրադարձություններ