«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) գործընկեր՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԻԱԿ) հետ համատեղ հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և ԶԼՄ-ներին դիմելու ԵՄ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հակակոռուպցիոն ուսուցումներին:
Եթե Դուք ցանկություն ունեք`
• ստանալ կոռուպցիայի, դրա դեմ պայքարի միջազգային և տեղական փորձի, միջազգային կոնվենցիաների և տեղական օրենսդրության վերաբերյալ իրավական գիտելիքներ.
• տիրապետել կոռուպցիոն ռիսկեր ու կոռուպցիոն խնդիրներ հատկորոշելու, հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու ու բացահայտելու մեթոդաբանությանը, իրավական գիտելիքներին ու կարողություններին.
• զարգացնելու հակակոռուպցիոն մոնիթորինգ և վերահսկողություն իրականացնելու կարողությունները.
• բարելավել հատկորոշված և վեր հանված կոռուպցիոն ռիսկերի և խնդիրների հիման վրա հակակոռուպցիոն բարեփոխումներ նախաձեռնելու կարողությունները.
ապա այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է Ձեզ համար՝ նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու, նոր գործընկերներ ու համախոհներ գտնելու, մոնիթորինգի, վերահսկողության և լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացնելու համար:
Հակակոռուպցիոն ուսուցումների մոդուլը ընդգրկում է, սակայն չի սահմանափակվում հետևյալ թեմաներով.
• Կոռուպցիայի հասկացությունը:
• Հակակոռուպցիոն միջազգային փորձը, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական գործիքները:
• Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվենցիաները և ՀՀ օրենսդրությունը:
• Հակակոռուպցիոն մոնիթորինգի հասկացությունը և մեթոդաբանությունը:
• ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հակակոռուպցիոն կարողությունների զարգացման գործիքները:
• Տեղեկատվության ազատությունը և տեղեկատվություն ստանալու մեխանիզմներն ու աղբյուրները:
• ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի և դատաիրավական բարեփոխումների գործող ծրագրի մոնիթորինգի և հանրայնացման ենթակա ասպեկտներն ու խնդիրները:
• Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն խնդիրները` կապված հանքարդյունաբերության և փոքր հիդրոէլեկտրոկայանների գործունեության հետ:
• Հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու հաջողված փորձն ու մեխանիզմները:
Հակակոռուպցիոն ուսուցումները անցկացվելու են.
• Երևանում՝ Երևանում տեղակայված հանրապետական նշանակության ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար.
• Գյումրիում՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար.
• Վանաձորում՝ Լոռու և Տավուշի մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար.
• Գավառում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար.
• Արարատում՝ Արարատի և Արմավիրի մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար.
• Կապանում՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար:
ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ընտրության դեպքում նախապատվությունը կտրվի այն ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին, ովքեր ունեն հակակոռուպցիոն, իրավապաշտպան, իրավաբանական, բնապահպանական գործունեության, այդ ոլորտներում մոնիթորինգների, հետաքննությունների, հանրային վերահսկողության իրականացման և իրավական թեմաների լուսաբանման համապատասխան փորձ:
Հակակոռուպցիոն ուսուցումները կմեկնարկվի 2014 թվականի մայիսի 14-ից:
Ուսուցումները անցկացվելու են Եվրոպական միության և ազգային փորձագետների կողմից: Ուսուցումների ընդհանուր տևողությունը 3 օր է. հաջողությամբ ավարտողներին կտրվեն վկայագրեր:
Հակակոռուպցիոն ուսուցում անցած յուրաքանչյուր մարզի և Երևանի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների շարքից մրցութային կարգով կընտրվեն թվով 10 ՔՀԿ-ներ և ԶԼՄ-ներ, որոնց կտրվեն փոքր դրամաշնորհներ՝ մոնիթորինգի, վերահսկողության և լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացման համար:
Հայտերի ներկայացման գործընթացը.
Լրացված դիմում-հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2014թ. ապրիլի 29, ժամը 18:00-ը՝ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected], նամակը վերնագրելով՝ Հակակոռուպցիոն ուսուցումների մասնակցության հայտ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ կենտրոնական գրասենյակ +37410 54 01 99 հեռախոսահամարով:
Ծանոթություն:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է: Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:
Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: ՀԵԻԱ-ն ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ է, որն 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունններից բաղկացած գլոբալ ցանց է` ուղղված աջակցելու ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վավերացմանը, իրականացմանը և մոնիթորինգին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործում է ավելի քան 10 տարի: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը: ԻԱԿ-ը Տեղեկատվության ազատության պաշտպաննների միջազգային ցանցի հիմնադիր անդամ է: