Ինչպիսի՞նն է Արդարադատության ակադեմիան ներսից

Այսօր տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի բացումը, որին ներկա է գտնվել նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` Արդարադատության ակադեմիայի ստեղծման նպատակն է եղել միասնական պրակտիկա ձևավորելը:

«Երբ որ դուք առանձին եք այդ նույն դասը կարդում, ես առանձին` չի բացառվում, որ մենք տարբեր կերպ դրանք ընկալենք, կամ մեզ սովորեցնողները տարբեր կերպ դրանք ներկայացնեն, բայց մի տեղ մեր շահերը, ճանապարհները բախվում են. դա դատարանում է»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա` չի բացառվում, որ Արդարադատության ակադեմիան հետագայում կընդլայնի իր գործունեության շրջանակները` ընդգրկելով նաև Նոտարիատն ու Փաստաբանների դպրոցը:

Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը մանրամասնեց, որ դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը տևելու է 8,5 ամիս: Նրանց դասավանդվելու են նաև այնպսիսի հարակից առարկաներ, ինչպիսիք են ժամանակի կառավարումը, սթրեսի կառավարումը, հոգեբանության հիմունքները և այլն:

Հրայր Թովմասյանի խոսքով` պետք է հասնեն նրան, որ Հայաստանում դատավորը լինի իմաստուն և առաքինի մարդ:

Մանրամասները` «Իրավական շաբաթ»-ի այս շաբաթվա թողարկման ժամանակ:

2012 թվականի հունիսի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն ստորագրեց Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ռազմավարական ծրագրի արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում նախատեսվել էր ստեղծել Արդարադատության ակադեմիա: Այն գալու էր փոխարինելու «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց»-ին և «Դատախազական դպրոց»-ին:

Այսուհետև դատախազ կամ դատավոր դառնալու համար պարտադիր պետք է ուսանել Արդարադատության ակադեմիայում:

Ըստ օրենքի` ակադեմիայի նպատակն է նաև դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, ինչպես նաև դատական և դատախազական համակարգերի ունկնդիրների համար համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

Արդարադատության ակադեմիայի 2014 թվականի ծախսերի համար պետական բյուջեից նախատեսված է 300 միլիոն դրամ` չհաշված դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձնաց կրթաթոշակները (յուրաքանչյուրին մոտավորապես 100.000-ական դրամ)

ՀՀ արդարադատության ակադեմիայի համար շենքային համալիր կառուցելը` 2698 քառ. մետր ընդհանուր մակերեսով (ներառյալ հողատարածքը` 2500 քառ. մետր) արժեցել է 844.681.213 դրամ: Ֆինանսավորումն իրականացվել է համաշխարհային բանկի միջոցներով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ