Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի փոքր ՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ից։
«Լեռ և ջուր» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» փոքր ՀԷԿ-երը, համապատասխանաբար, Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։
Ներկայացվել է 16.419.668 դրամի ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
«Օստ-էլ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» փոքր ՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավելի ջրառ։ Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144 դրամ։ «Այուդա-լոս» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» փոքր ՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։
Ներկայացվել է 6.068.132 դրամի ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000 դրամի չափով։


