Պետական եկամուտների կոմիտե-բիզնես գործընկերային քննարկում․ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հերթական հանդիպումն է տեղի ունեցել մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համատեղ քննարկվել են մաքսային ընթացակարգերի հետագա բարելավմանն ուղղված հարցեր։ Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում՝ Արտաքին տնտես ական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը կարևորել է մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների դերն ու ակտիվ մասնակցությունը գործընթացներին։ Հանդիպմանը խոսել են արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանը միտված՝ տարվա ընթացքում ներդրված նոր նախաձեռնությունների արդյունքներից։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային մարմնի կողմից ապրանքների արտահանումը շուրջօրյա սպասարկելու գործընթացին, բեռնափոխադրողների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ փուլը մեկ վայրում՝ ժամանակավոր պահպանման պահեստում իրականացնելու նորարարությանը և այլ նախաձեռնություններին։
Քննարկումներն անցել են հարց ու պատասխանի ձևաչափով: Մասնակիցների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջապես պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում ներկայացնել առաջարկներ, քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու համատեղ լուծումներ գտնել։ Կոմիտեի ներկայացուցիչներն ընդգծել են` հանդիպմանը ընթացքում բարձրաձայնվող հարցերը և բիզնեսի առաջարկները հաշվի են առնվում գործընթացների լավարկման և հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում: