Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ գլխավոր դատախազի թիվ 86-Լ հրամանը, որով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ձևավորել է հանձնաժողովներ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված անձանց երկրորդ խմբի քննաշրջանի արդյունքների գնահատման և բողոքարկման համար:
Հրամանը ստորագրվել է 2025թ. հոկտեմբերի 14-ին և հիմնված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ԿԽ-007/25 որոշման վրա: Դրա հիմնավորումը բխում է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերից և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից ու 30-րդ հոդվածի 3-րդ մասից:
Գնահատման հանձնաժողովի կազմը
Առարկայական կուրսերի արդյունքների գնահատման հանձնաժողովը բաղկացած է հետևյալ անդամներից.
- Լուիզա Մանուկյան – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ,
- Տաթևիկ Սարուխանյան – ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ,
- Աննա Հարությունյան – ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ,
- Արևիկ Ավոյան – ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ,
- Նորայր Նազարյան – ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին գործուղված Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ,-տեղեկացնում է Iravaban.net–ը ։
Բողոքարկման հանձնաժողովի կազմը
Արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորված հանձնաժողովում ընդգրկված են.
- Երիազար Ավագյան – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
- Հռիփսիմե Ասատրյան – ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ,- տեղեկացնում է Iravaban.net–ը։


Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա կատարման վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Հրամանի պատճենն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին, վարչությունների պետերին, Երևան քաղաքի և վարչական շրջանների ու մարզերի դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին և այլ պաշտոնատար անձանց,- տեղեկացնում է Iravaban.net–ը։
Նյութի գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ ՀՀ գլխավոր դատախազություն