Կկարգավորվեն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գործառույթները՝ նոր «Հանրային առողջապահության մասին» օրենքին համապատասխան

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի  N 1134-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել ՀՀ կառավարության N 1134-Ն որոշման 8-րդ և 9-րդ կետերը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎԿԱԿ) գործունեության առարկան և նպատակները համապատասխանեցնելով նոր ընդունված «Հանրային առողջապահության մասին» օրենքին։

Արտահայտված ձևով կազմակերպության հիմնական գործառույթներն ու նպատակները կլինեն հետևյալը՝

  • հանրային առողջության ապահովման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման ուղղությամբ միջոցառումների կազմակերպում և իրականացում,
  • համաճարակաբանական դիտարկումների և հետազոտությունների իրականացում,
  • կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,
  • հիվանդությունների վարչական վիճակագրական հաշվառման կազմակերպում,
  • սննդամթերքի օգտագործման անվտանգության և շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատում,
  • հանրային իրազեկման, առողջ ապրելակերպի և առողջապահական գիտելիքների տարածման ապահովում,
  • կանխարգելիչ պատվաստումների իրականացում և համակարգում,
  • հանրային առողջապահության ոլորտում լաբորատոր և գիտահետազոտական գործունեության իրականացում,
  • համաճարակների, բռնկումների և հանրային առողջապահական արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների կազմակերպում։

Բացի այդ, որոշմամբ հստակեցվում են նաև Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, այդ թվում՝

  • հանրային առողջապահական փորձաքննություններ և լաբորատոր հետազոտություններ,
  • ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքներ,
  • բժշկական և խորհրդատվական ծառայություններ,
  • գիտահետազոտական աշխատանքներ և վերապատրաստման ծրագրեր։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» որպես առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպություն գործում էր «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա, որը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ուժը կորցրած է ճանաչվել։

Նույն օրվանից ուժի մեջ է մտել նոր «Հանրային առողջապահության մասին» օրենքը, որով հանրային առողջապահության ոլորտում ներդրվել են նոր իրավակարգավորումներ և առաջին անգամ հստակ սահմանվել են պետական կազմակերպությունների գործառույթները։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները նշված օրենքին համապատասխանեցնելու պահանջից՝ ապահովելու համար իրավական հստակություն և գործառութային համահունչություն առողջապահական նոր համակարգում։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ՝

  • Կազմակերպության գործունեությունը կհամապատասխանեցվի նոր «Հանրային առողջապահության մասին» օրենքի պահանջներին,
  • կբարձրանա հանրային առողջապահության կառավարման և համաճարակաբանական վերահսկման համակարգի արդյունավետությունը,
  • կբացառվեն հին իրավական ակտերից բխող հակասությունները։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, այն ուղղված է բացառապես գործող օրենսդրական դաշտին համապատասխանեցմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել