Անձնական տվյալների պաշտպանություն․ ի՞նչ իրավունքներ ունի յուրաքանչյուր քաղաքացի

Արդի տեխնոլոգիական դարում մեր մասին տեղեկությունները՝ անուն, հասցե, ծննդյան տվյալներ, հեռախոսահամար, նույնիսկ լուսանկարներ, կարող են հեշտությամբ հասանելի դառնալ այլ անձանց կամ կազմակերպություններին։ Սակայն օրենքը հստակ սահմանում է՝ ինչն է համարվում անձնական տվյալ և ինչ իրավունքներ ունի յուրաքանչյուր քաղաքացի իր տվյալների նկատմամբ։

Ի՞նչ է անձնական տվյալը

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝
անձնական տվյալ է համարվում ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է ֆիզիկական անձին և թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել նրա ինքնությունը։

Այսինքն՝ եթե տվյալը հնարավորություն է տալիս ճանաչել անձին՝ նույնիսկ ոչ անմիջական ձևով, այն արդեն համարվում է անձնական տվյալ։

Օրինակներ՝
• անուն, ազգանուն, հայրանուն
• ծննդյան տարեթիվ և վայր
• անձնագրային տվյալներ
• բնակության հասցե
• հեռախոսահամար, էլ․ հասցե
• լուսանկար, ձայնագրություն, տեսագրություն
• կրթական կամ առողջական տվյալներ և այլն։

Ե՞րբ են անձնական տվյալները համարվում հանրամատչելի
Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, որ որոշ տվյալներ կարող են դառնալ հանրամատչելի՝
անձի համաձայնությամբ, կամ
օրենքով նախատեսված դեպքերում։

Օրինակ՝

 հեռախոսային տեղեկատուներ, կենսագրական տվյալներ, եկամուտների հայտարարագրեր, կամ անձի կողմից հանրայնացված սոցիալական ցանցային տվյալներ։

Հանրամատչելի են համարվում՝

• անձի անունը, ազգանունը, հայրանունը,
• ծննդյան և մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը,
• և այն անձնական տվյալները, որոնք ինքն անձը գիտակցաբար հանրային է դարձրել։

Բայց եթե տվյալը չի մտնում այս ցանկի մեջ, անձը կարող է պահանջել այն հեռացնել հանրամատչելի աղբյուրներից՝ իր պահանջով կամ դատական կարգով։

Ի՞նչ իրավունքներ ունի տվյալների սուբյեկտը (քաղաքացին)

Օրենքի 15-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝
իրավունք ունի տեղեկություններ ստանալու իր տվյալների հավաքման, մշակման և փոխանցման մասին, կարող է ծանոթանալ իր տվյալներին և պահանջել դրանք ուղղել, արգելափակել կամ ոչնչացնել, եթե դրանք՝

• անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն
• հնացած են,
• ստացվել են անօրինական ճանապարհով, կամ
• անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար։

Անձնական տվյալները մշակողի կողմից ուղղված, ուղեփակված կամ ոչնչացված լինելու վերաբերյալ կասկածների դեպքում տվյալների սուբյեկտն իրավունք ունի դիմելու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին՝ իր անձնական տվյալներն ուղղված, ուղեփակված կամ ոչնչացված լինելու փաստը պարզելու և իրեն տեղեկություններ տրամադրելու մասին պահանջով:

Ինչպե՞ս կարելի է դիմել

Քաղաքացին կարող է դիմել՝

• գրավոր՝ անձնական ստորագրությամբ, կամ
• էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Տվյալները տրամադրվում են անվճար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Ինչու՞ է դա կարևոր

  • Անձնական տվյալների պաշտպանությունը ոչ միայն իրավական, այլ նաև անվտանգության հարց է։
  • Ձեր տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով՝ գովազդից մինչև ֆինանսական կամ ինքնության չարաշահում։
  • Իսկ դրանց նկատմամբ վերահսկողությունը հենց ձեր իրավունքն է՝ պաշտպանված օրենքով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել