Կհայտարարվի 2025 թվականի ձմեռային զորակոչը. նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը:

Զորակոչի ժամկետները

Համաձայն նախագծի՝ 2025 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Ովքե՞ր ենթակա են զորակոչի

Զորակոչի ենթակա են՝

  1. Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ
  2. Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները
  3. Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները

Զորակոչի կազմակերպման համար ստեղծվող մարմիններ

Որոշման նախագծով նախատեսվում է ստեղծել՝

  1. Հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ
  2. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համապատասխանաբար մարզպետների և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորությամբ
  3. Կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության համար

Նախարարությունների դերը զորակոչի կազմակերպման գործում

Որոշման նախագծով կառավարության անդամների միջև սահմանվում են հետևյալ պարտականությունները.

  • ՀՀ պաշտպանության նախարար– ապահովել զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության աշխատանքների կազմակերպումը
  • ՀՀ առողջապահության նախարար– ապահովել համապատասխան բժշկական հաստատություններին անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով
  • ՀՀ արտաքին գործերի նախարար– ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող զորակոչի ենթակա քաղաքացիների մասին իրազեկումը
  • ՀՀ ներքին գործերի նախարար– ապահովել հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում, իրականացնել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար– որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում պաշտպանության նախարարությանը տրամադրել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

Ինչո՞ւ է ընդունվում որոշումը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

Որոշման նախագծի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել