Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նշանակված լրացուցիչ դատական նիստը։ Այս նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեց Միքայել արքեպիսկոպոսին ազատազրկման դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով:
Նիստի սկզբում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանը հիմնավորեց, որ դատավորը սեպտեմբերի 24-ին վերդիկտը հրապարակելուց հետո խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի պահանջները՝ կողմերին չհայտնելով, որ նրանք իրավունք ունեն մինչև հաջորդ նիստը միջնորդություններ ներկայացնելու:
«Դատավորը պարտավոր էր մեզ տեղեկացնել այս իրավունքի մասին: Մենք հակված ենք պնդելու, որ դատարանն ունի կողմնակալ վերաբերմունք Միքայել սրբազանի նկատմամբ», – նշեց պաշտպանը:
Պաշտպանական կողմը պնդեց, որ օրենքով նախատեսված պարզաբանման բացակայությունը կարող է վկայել երկու հանգամանքի մասին՝ կա՛մ դատավորի անփութության, կա՛մ խտրական վերաբերմունքի:
Մեղադրող կողմը առարկեց՝ պնդելով, որ բացարկի միջնորդությունն անհիմն է, քանի որ դատական գործընթացի ամբողջ ընթացքում դատարանը միշտ պատշաճ կերպով ծանոթացրել է կողմերին իրենց իրավունքներին:
Դատարանը քննարկելով պաշտպանության կողմի միջնորդությունը, գտավ, որ իրավունքի չպարզաբանելը բավարար հիմք չէ դատավորի անաչառության հարցը կասկածի տակ դնելու համար, և մերժեց բացարկի միջնորդությունը:
Դատական նիստում հանրային մեղադրողը շեշտեց, որ Աջապահյանի գործով առկա չեն պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ, իսկ որպես մեղմացնող հանգամանք նշվեց նրա՝ նախկինում դատապարտված չլինելու փաստը:
Հանրային մեղադրողը միջնորդեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկման դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվի առնելով մեղադրյալի՝ մինչև օրս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
Մեղադրողը հիմնավորեց, որ այս պատիժը համապատասխանում է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սանկցիաներին և արարքի հանրային վտանգավորությանը:
Փաստաբան Արա Զոհրաբյանը պաշտպանական կողմի դիրքորոշումը հիմնավորելիս նախ ներկայացրեց հուզիչ նամակ՝ ուղղված Միքայել սրբազանին: Նամակում «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի 65 երեխաներ խնդրել էին Սրբազանին ներկա լինել իրենց համույթի 25-ամյակին, հոկտեմբերի 1-ին, նշելով, որ պատրաստ են հետաձգել միջոցառումը՝ սպասելով նրա վերադարձին:
Պաշտպան Երեմ Սարգսյանը հիմնավոր առարկություններ ներկայացրեց առաջարկվող պատժի վերաբերյալ: Նա բերեց մի շարք նախադեպային գործեր, որոնցով՝ նույնաբովանդակ մեղադրանքների դեպքում, նշանակվել էին առավել մեղմ պատիժներ: Հատկապես նշվեց Վազգեն Մանուկյանի գործը, որով նա մեղավոր ճանաչվեց 305-րդ հոդվածով (համարժեք ներկայիս 422-րդ հոդվածին), սակայն պատժվեց միայն 400,000 դրամ տուգանքով:
Պաշտպանը ներկայացրեց նաև մի շարք դեպքեր, երբ նույն դատարանը՝ դատավոր Մելիքսեթյանի նախագահությամբ, միջին ծանրության, առաջին անգամ կատարված հանցանքների համար նշանակել էր ազատության հետ չկապված պատիժներ կամ կարճաժամկետ ազատազրկում:
Սարգսյանը շեշտեց, որ 422-րդ հոդվածի սանկցիան նախատեսում է մի շարք այլընտրանքային պատիժներ և քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կարող է նշանակվել միայն եթե ապացուցվի, որ առավել մեղմ պատժատեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
Պաշտպանը նաև հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մեղադրող կողմն իր ելույթում անտեսել է Միքայել սրբազանի՝ 37 տարի (փաստացի 50 տարի) հոգևոր ծառայության մեջ գտնվելու փաստը և Հայ Առաքելական Եկեղեցու՝ Շիրակի թեմի առաջնորդ լինելը:
«Եթե ազատազրկում նշանակվի, դա կլինի ակնհայտ անարդար և խտրական մոտեցում՝ հաշվի առնելով նախադեպային պրակտիկան և օրենքով նախատեսված այլընտրանքային պատիժների առկայությունը», – ընդգծեց պաշտպանը:
Դատական նիստի ավարտին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցության սենյակ՝ վերջնական դատական ակտը կայացնելու համար: Վճիռը կհրապարակվի 2025 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 17:30-ին, տեղեկացնում է Iravaban.net-ը:
Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս նշեց, որ իրենց վստահորդն անմեղ է և խնդրեց դատարանին արդարացի դատական ակտ կայացնել: Նրանք նաև հայտարարեցին, որ վճռի դեպքում այն կբողոքարկեն մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ից կալանավորված էր։ Սեպտեմբերի 2-ին կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս 1 ամսով։ Սեպտեմբերի 24-ին կայացած դատական նիստում Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ճանաչեց մեղավոր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ վերդիկտի նույնն է թողնվել նաև խափանման միջոցը՝ կալանքը որոշակի սահմանափակումներով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի էությանն նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։
Մանրամասները կարող եք դիտել դատական նիստի ամբողջական տեսանյութում: