Ինչպե՞ս են վերապատրաստվում ՀՀ ոստիկանության ծառայողները. օպերատիվ հետախուզման հմտություններից մինչև քաղաքացիների հետ հաղորդակցում

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ստորագրել է N 67-Լ հրամանը, որով հաստատվել է ոստիկանության ծառայողների վերապատրաստման նոր մեթոդաբանությունը։ Փաստաթուղթը բացահայտում է, թե ինչպես են ժամանակակից պայմաններում պատրաստվում իրավապահները՝ հակազդելու հանցագործություններին և ապահովելու հասարակական անվտանգությունը: Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ ներքին գործերի նախարարի N 67-Լ հրամանըև ներկայացնում է մանրամասն իրավական վերլուծություն:
Վերապատրաստման առաջնային նպատակները.
Հրամանի համաձայն, վերապատրաստման համակարգը ստեղծվել է հետևյալ նպատակներով՝
• ոստիկանության ծառայողի արժեքաբանական կողմնորոշումների ձևավորում,
• որակավորված կադրերի ձևավորում,
• ծառայողական առաջադրանքների կատարման ժամանակ խոչընդոտներ հաղթահարելու հմտությունների զարգացում,
• սթրեսային իրավիճակներում (այդ թվում՝ արտակարգ) գործելու կարողությունների կատարելագործում,
• օպտիմալ և ինքնուրույն որոշումներ կայացնելու» ունակությունների զարգացում։
Վերապատրաստման մասնագիտական ուղղությունները.
Փաստաթուղթն ուղղակիորեն նշում է վերապատրաստման ծրագրի հետևյալ մասնագիտական ուղղությունները՝
օպերատիվ-հետախուզական գործունեություն,
– քրեադատավարական» ուղղություն,
– վարչաիրավական ուղղություն։
Վերապատրաստման ժամանակակից մեթոդները.
Փաստաթղթում նշվում է, որ պրոբլեմային ուսուցման մեթոդը սովորողների մոտ ձևավորում է քննադատական և այլընտրանքային մտածողություն։ Ըստ հրամանի, այս մեթոդը սովորողի ճանաչողական գործունեության ակտիվացման մեթոդական հնարք է։
Հրամանում ուղղակիորեն նշվում է VR սիմուլյացիաների կիրառությունը, որոնց միջոցով մոդելավորվում են՝
• ընտանեկան բռնության իրավիճակներ,
• վկաների հարցաքննություն,
• քաղաքացիների հետ հաղորդակցում։
Փաստաթուղթը նկարագրում է նաև հետազոտական կամ փորձարարական մեթոդը, որը թույլ է տալիս պրոբլեմային մոտեցման ձևով անցկացնել պարապմունք։ Ըստ հրամանի, պարապմունքի ժամանակ դասախոսը մեկը մյուսի հետևից առաջադրում է տեսագործնական հիմնախնդիրներ, դրանցից յուրաքանչյուրով ձևակերպում պրոբլեմային իրավիճակներ, իսկ սովորողները ինքնուրույն վերլուծում են դրանք։
Ուսումնական միջավայրը.
Հրամանը սահմանում է, որ վերապատրաստումներն իրականացվում են հատուկ միջավայրերում՝
• ուսումնական պոլիգոններ,
• սիմուլյացիոն լսարաններ,
• ուսումնական տրենաժորներ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ վերապատրաստման կուրսերում վերը նշված մեթոդների կիրառումն առավել արդյունավետ կլինի ապագա մասնագիտական գործունեության իրավիճակներ վերարտադրող պայմաններում։
Ղեկավարների հատուկ վերապատրաստումը.
Հրամանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ղեկավար օղակների վերապատրաստմանը։ Ըստ փաստաթղթի՝ ղեկավար օղակների ծառայողներից բաղկացած խմբերի վերապատրաստման դասընթացի ծրագիրը պետք է ներառի առաջնորդության և կառավարման տարր։
Այս ծրագիրը միտված է ոստիկանության ստորաբաժանման ներսում արդյունավետ ղեկավարման սկզբունքներ ձևավորելու և պահպանելու, ղեկավար կազմին մենթորության, քոուչինգի և կառուցողական հետադարձ կապի գործիքակազմով զինելու նպատակով։
Փաստաթղթի համաձայն՝ այս նորարարական մոտեցումների ներդրումը ոստիկանության ծառայողների վերապատրաստման համակարգում նպատակ ունի էապես բարձրացնել իրավապահների մասնագիտական պատրաստվածությունը և արդյունավետությունը ժամանակակից մարտահրավերների պայմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել