ԲԴԽ-ն վերանայել և վերացրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցման մասին իր նախկին որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նոր հանգամանքի հիմքով վերանայել և վերացրել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցման մասին իր նախկին որոշումը: Iravaban.net ուսումնասիրել է 2025 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունված ԲԴԽ թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշումը և ներկայացնում է մանրամասն իրավական վերլուծություն:

Գործընթացի նախապատմությունը.

2024 թվականի հուլիսի 9-ին ԲԴԽ-ն ընդունել էր թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը, որով դադարեցվել էին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Կարգապահական վարույթն Արդարադատության նախարարությունը հարուցել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, որտեղ պնդվում էր դատավարական ժամկետների խախտումների մասին:

2025 թվականի հուլիսի 17-ին Արթուր Ստեփանյանը դիմել է ԲԴԽ՝ խնդրելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով վերանայել ԲԴԽ-ի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը:

ԲԴԽ որոշման հիմքերը.

Որոշման համաձայն՝ դիմումը քննարկելիս ԲԴԽ-ն հաշվի է առել մի շարք կարևոր իրավական հանգամանքներ:

  1. Սահմանադրական դատարանի որոշումը

Դիմողը վկայակոչել է Սահմանադրական դատարանի 22.04.2025 թվականին կայացված ՍԴՈ-1780 որոշումը, որով սահմանվել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի այն դրույթները, որոնք թույլատրում են դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումների ընդունումը անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, հակասում են Սահմանադրության մի շարք հոդվածներին (49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցությամբ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին):

  1. Արդարադատության նախարարի դիրքորոշումը

Արդարադատության նախարարը 14.08.2025 թվականին ներկայացրած դիրքորոշմամբ հայտնել է, որ ԲԴԽ-ի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին (նվազագույնը 6 ձայն) պետք է կողմ լինեն դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշմանը: Նախարարի դիրքորոշման համաձայն, Սահմանադրական դատարանի որոշումը հստակ ուղերձ է պարունակում նաև ԲԴԽ-ի որոշումների վերանայման հիմքի վերաբերյալ:

Իրավական վերլուծություն.

ԲԴԽ-ն, ուսումնասիրելով դիմումը և դրա հիմքերն ու հիմնավորումները, արձանագրում է հետևյալը:

Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԲԴԽ-ն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ ներկայացված բողոքները քննում և որոշումներ է կայացնում գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում:

Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԲԴԽ-ն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են ԲԴԽ որոշման վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Ուսումնասիրելով նորմերի հիման վրա ԲԴԽ-ն արձանագրում է, որ Օրենսգրքի 157-րդ հոդվածը կարգավորում է ԲԴԽ կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով որոշումների վերանայման ընդհանուր հարցերը, սակայն չի բովանդակում ԲԴԽ կողմից այդ վերանայման ընթացքը կարգավորող մանրամասն դրույթներ:

ԲԴԽ-ն գտել է, որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր որոշման կայացումը հնարավոր է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում:

ԲԴԽ որոշումը.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերով՝ ԲԴԽ-ն որոշել է.

  1. Նոր հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել ԲԴԽ 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը:
  2. Նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար ԲԴԽ նիստը նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին։
  3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Իրավական վերլուծության ամփոփում.

ԲԴԽ որոշումն առանցքային նշանակություն ունի դատական համակարգի անկախության և դատավորների պաշտպանության տեսանկյունից: ՍԴ որոշմամբ հստակեցվել է, որ դատավորների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ է ԲԴԽ անդամների ձայների որակյալ մեծամասնություն (ավելին քան 5 ձայն): Սա էական երաշխիք է դատավորների անկախության ապահովման համար:

Կարևոր է նշել, որ ԲԴԽ-ն որոշմամբ չի անդրադարձել դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքերին և հիմնավորվածությանը: Այդ հարցերը կքննարկվեն 2025թ. հոկտեմբերի 3-ին՝ ԲԴԽ նիստում, որտեղ կքննվի Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել