ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ դիզվառելիքի գործը նորից է քննվելու, այս անգամ արդեն Հակակոռուպցիոն դատարանում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Համակարգում տեղադրված են գործի մանրամասները, ըստ որի Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Գործով անցող մեղադրյալներ են նաև գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանը, գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանն ու նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել