«Անձնագիրը միակն է, որ մարդկանց հուշում է՝ իրենք արցախցի են»․ Մարիաննան՝ տեղահանման ու խնդիրների մասին

Արցախցի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանը Արցախի շրջափակման օրերին կամավոր է եղել։ Նա տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար հաց է հասցրել։ Հիշում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տարօրինակ զգացողություն է ունեցել։

«Զարմանալի ու տանօրինակ էր ինձ համար, որ բոլորն անհոգ, աշխատանքային առօրյայի մեջ են։ Ներքուստ ինչ-որ բանի էի սպասում։ Մոտավորապես 12։30-ի կողմերը առաջին պայթյունը եղավ։ Արագ սկսեցին օգնել մարդկանց՝ իջնել նկուղները։ Մեր շենքում երեխաները շատ էին, մնացել էին մանկապարտեզում, դպրոցում, կապ չունեինք նրանց հետ։ Դա երկար տևեց։ Երեկոյան երեխաները հասան»,-Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում ասաց նա։

2020 թվականի պատերազմից հետո շատ արցախցիներ վերադարձան իրենց տները։ Մարիաննան ասում է, որ ինքը Արցախի հետ հրաժեշտի մտքով է վերադարձել և երեք տարի փորձել է լինել բոլոր այն վայրերում, որտեղ մինչև այդ չէր այցելել։

«Ես կանխազգացում ունեի, որ եթե այսօր չէ, ապա կլինի 2025 կամ 2026 թվականներին, բայց այդ օրը գալու էր։ Ուզում էի հասցնել Արցախում լինել այն վայրերում, որտեղ երբևէ չէի եղել։ Բացել այն ստուդիան, որի մասին միշտ ասում էի՝ վաղը, վաղը… Ուզում էի հասցնել սիրել Արցախը։ Ինձ համար շատ հարազատ էր Գանձասարը։ Ստեփանակերտի թատրոնի շենքը, որտեղ 13 տարի աշխատել եմ, կայացել եմ»,-ասում է մեր զրուցակիցը։

Արցախից ստիպված, բռնի դուրս գալու ճանապարհը դժվար է եղել, մարդիկ վատացել են։ Իրենց հետ առողջական խնդիրներ ունեցող տղա է եղել, որի համար սարսափելի դժվար է եղել այդքան ժամ նստած լինելը։ Մարիաննան մտահոգվել է նաև իր մոր համար։ Ասում է, որ իրենց մեքենայից չեն իջեցրել։

«Ձախ անկյունում ադրբեջանցի երկու զինվոր կային, նայում ու հրճվում էին։ Ես չգիտեմ՝ ի՞նչ հայացքով էի իրենց նայում, բայց իմ հայացքից շրջվեցին ու երկուսով զգաստ կանգնեցին։ Ինձ էին նայում, ես գլխով արեցի։ Ցանկանում էի ասել՝ այո, դուք պետք է զգաստ կանգնեք, որովհետև մենք դուրս ենք գալիս, բայց դա ձեր հաղթանակը չէ։ Այդ պահին զգացողություն ունեի, որ ամեն ինչ վերջացած չէ, առյուծին չեն տապալել, ես գլուխս բարձր եմ այնտեղից դուրս եկել։ Որովհետև ականատես եմ եղել, թե ինչպես են ծնողները երեխաներին սովորեցնում որսորդականով տուն պահել։ Ես տեսել եմ, թե ինչպես են պահել Արցախը»,-ասում է Մարիաննան։

Ինչպես բոլորը, Մարիաննան և իր ընտանիքն էլ Հայաստանում բախվել են մի շարք խնդիրների։ Այժմ վարձով են բնակվում, փաստաթղթային որոշ խնդիրներ ունեն։ Նա ՀՀ քաղաքացի է, բայց խոսելով այն մասին, թե ինչու շատ արցախցիներ խուսափում են ՀՀ քաղաքացիություն ստանալուց, ասում է, որ դա նաև հոգեբանական խնդիր է։

«Շատերն ագրեսիվորեն են մոտենում, որովհետև իրենց մոտ դեռ այն պաշտպանիչ շերտն է, որ անձնագրի փոփոխությունն իրենց թվում է, թե ասում են՝ Արցախն էլ քոնը չէ։ Այդ անձնագիրը միակն է, որ իրենց հուշում է՝ իրենք արցախցի են։ Անձնագրի փոփոխությունն ընկալում են որպես Արցախ վերադառնալու անհնարինություն»,-ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել