Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1230-ը սահմանում է ժառանգությունից հրաժարվելու իրավունքը։
Այսպիսով՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:
Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի սույն օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով (այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:)
Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:
Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել:
Ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում:
Ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում:
Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:
Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:
Հոդված 1231-ը սահմանում է ժառանգությունից հրաժարվելը հօգուտ այլ անձի։
Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
Հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`
- կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.
- ժառանգության պարտադիր բաժնից.
- եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ: