Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Արամ Նավասարդյանը 1,5 տարվա ազատազրկման դատապարտվեց

29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի մահից 3 տարի անց դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան նախկին ղեկավար, առաջին մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին դատապարտեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Միաժամանակ, նա նույնքան ժամանակով զրկվեց փոխադրամիջոց վարելու իրավունքից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջը՝ Արարատի մարզի 28-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանին, որի հետեւանքով վերջինս մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նախորդ նիստին Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով լուծել նաև փոխհատուցման հարցը։ Տուժողի իրավահաջորդը պահանջում էր 10 մլն դրամ՝ Սոնա Մնացականյանի գերեզմանի կառուցման և հուղարկավորության ծախսերի համար։ Դատարանի որոշմամբ՝ Արամ Նավասարդյանից կբռնագանձվի 4 մլն դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառած վնասի հատուցում։

Սոնա Մնացականյանի հայրը և նրա ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը միջնորդել էին դատարանին վարորդին ազատազրկել 4 տարի ժամկետով, իսկ մեղադրող կողմը միջնորդել էր ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

Փաստաբան Րաֆիի Ասլանյանը նշել է, որ իր կարծիքով ռադիոկապի ձայնագրությունը ոչ թե ոչնչացվել, այլ դիտավորյալ կերպով պահվում է․ «Ես մտածում եմ, որ ռադիոկապի ձայնագրությունը ոչ թե ոչնչացվել է, այլ դիտավորյալ կերպով պահվում է։ Պաշտպանն ակնարկում է՝ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ, այսինքն՝ մարդուն գուցե ասել են արագացրու, տպավորություն է՝ Նավասարդյանը «քավության նոխազ է» դարձել շարասյան ղեկավար կազմում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել