Միջնորդությունը պարունակում է պաշտպանական կողմի ոչ մասնագիտական գնահատականը անձի առողջական ներկայիս վիճակի վերաբերյալ․ Աղվան Արշակյանի գործով դատավորի որոշումը

2025 թվականի հուլիսի 31-ին «Սրբազան պայքարի» աջակից, մեղադրյալ Աղվան Արշակյանի պաշտպաններ Նարե Հոնարչյան-Մասիհիին և Վարազդատ Հարությունյանը կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարան։ Դատարանը, դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, օգոստոսի 4-ին որոշում է հրապարակել, որն Iravaban.net-ին է տրամադրել Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։

Դատարանն արձանագրել է, որ ներկայացված միջնորդությունը պարունակում է պաշտպանական կողմի ոչ մասնագիտական գնահատականը անձի առողջական ներկայիս վիճակի վերաբերյալ, իսկ ամբուլատոր քարտի պատճենի որակով պայմանավորված՝ մասնագիտական օբյեկտիվ զննման տվյալները անընթեռնելի են, ներկայացված մյուս փաստաթղթերում բացակայում են այդպիսի տվյալներ։

«․․․Ինչ վերաբերվում է պաշտպանական կողմի այն պնդմանը, որ քննիչի կողմից անտեսվել է դատարանի որոշմամբ արձանագրված անհապաղ փորձաքննություն նշանակելու հանգամանքը, ապա Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը ինքնին, չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի իմաստով նոր էական հանգամանք հանդիսանալ, նշված հանգամանքին Դատարանը կարող է անդրադառնալ հետագայում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկրաձգման միջնորդություն ներկայացնելու պարագայում՝ գործադրված պատշաճ ջանասիրությունը քննարկելու փուլում»,-նշվում է որոշման մեջ։

Դատարանը գտել է, որ կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մեղադրյալ Աղվան Արշակյանի պաշտպանների միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը ենթակա է մերժման:

«․․․Սույն որոշումը խոչնդոտ չի կարող հանդիսանալ, վերը նշված տեխնիկական խնդրի լուծման դեպքում նոր միջնորդություն դատարան ներկայացնելու համար՝ եթե այդ փաստաթղթերում պարունակում են մեղադրյալի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ»,-նշել է դատավորը։

Ավելի վաղ Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ «Սրբազան պայքարի» աջակից Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել դատարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել