Բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:
Փոխադրման պայմանագիրը կնքվում է գրավոր:
Փոխադրման ընդհանուր պայմանները որոշվում են տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով և դրանց համապատասխան հրապարակված կանոններով:
Տրանսպորտի առանձին տեսակներով բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունն այդ փոխադրումների համար որոշվում են նրանց համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ Քաղաքացիական օրենսգրքով, տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով և դրանց համապատասխան հրապարակված կանոններով:
Բեռի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը և այն հանձնել բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը:
Բեռի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է բեռնառաքիչին տրանսպորտային բեռնագիր (կոնոսամենտ կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթ) հանձնելով: