Քննիչի պաշտոնում նշանակվելու համար կսահմանվի կոնկրետ ընթացակարգ. Հրայր Թովմասյան

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախագծի նպատակն է կանխել օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները՝ նոր խմբագրությամբ ներկայացնելով եւ հստակեցնելով օրենքի որոշ հոդվածների տերմինաբանությունը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց նաեւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» եւ կից օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը: Նա տեղեկացրեց, որ նոր՝ լրամշակված տարբերակում ընդգրկվել են եւ հանձնաժողովի անդամների, եւ քննչական ծառայությունների քննիչների ներկայացրած առաջարկներն ու դիտողությունները: Որոշ առաջարկների վերաբերյալ դեռեւս քննարկումներ են ընթանում, ուստի դրանց անդրադարձ կկատարվի առաջինից երկրորդ ընթերցում քննարկման ժամանակահատվածում:

ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր մարմին՝ միասնական քննչական կոմիտե, որը կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը եւ նախաքննության առավել արդյունավետ իրականացումը: Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու եւ հետագայում քննիչի պաշտոնում նշանակվելու համար կսահմանվի կոնկրետ ընթացակարգ՝ ապահովելով ծառայողների մասնագիտական որակների հնարավոր բարձր մակարդակ: Նախատեսվում է, որ Քննչական կոմիտեն գործելու է հրապարակային, ապահովվելու է քննչական մարմինների արտաքին եւ ներքին անկախությունը, դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, փաթեթի հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, այնուամենայնիվ նշեց, որ նախագծի որոշ հոդվածներ վերանայման կարիք ունեն, ինչի վերաբերյալ հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել եւ գտնել ընդունելի լուծումներ:

Օրինագծերն ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դրանք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երկու այլ օրենսդրական նախագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ մեկ տարով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել