Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման հարցերը։ Պաշտպանի կողմից հրապարակված տարեկան և արտահերթ զեկույցներում բազմիցս բարձրաձայնվել է ինչպես կանխարգելման ուղղությամբ համակարգային բարեփոխումների անհրաժեշտության, այնպես էլ խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և վերապրածներին աջակցության մեխանիզմների բացակայության խնդրի մասին։
Այսօր առավել քան ակնհայտ է խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքների համար համապարփակ աջակցության՝ հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների անհրաժեշտությունը։ Նման աջակցությունը պետք է լինի շարունակական, ամբողջական և պետության կողմից երաշխավորված։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար ստանում է ահազանգեր և դիմումներ, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերին՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում և նախաքննական մարմիններում։ Այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն հստակ քայլեր` նման դեպքերը կանխարգելելու և գործերով պատշաճ քննություն իրականացնելու նպատակով։
Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ, ապահովել նման դեպքերին արագ և համարժեք արձագանք, իրականացնել արդյունավետ, անկախ և թափանցիկ քննություն՝ իրականությունը բացահայտելու և մեղավոր անձանց պատժելու նպատակով։ Այս ուղղությամբ առկա խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն։
Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մենք կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի։ Սա ոչ միայն իրավական պահանջ է, այլ քաղաքակրթական ընտրություն, որը պետք է ընկած լինի ժամանակակից իրավական պետության հիմքում»: