Microsoft-ը, Google-ը, Facebook-ը և Yahoo-ն բացահայտել են ամերիկյան հատուկ ծառայությունների հարցումների վերաբերյալ տվյալները

2013 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Microsoft, Google, Facebook և Yahoo ընկերությունները հատուկ ծառայությունների հարցումով տրամադրել են տասնյակ հազարավոր օգտատերերի տվյալներ, հաղորդում է Agence France-Presse-ը հիմնվելով նշված ընկերությունների կողմից հրապարակված նյութերի վրա։

2013թ.-ի հունվար-հունիս ամիսներին հատուկ ծառայությունները Microsoft-ին են դիմել 15-ից 16 հազար անգամ, Google-ին 9-ից 10 հազար անգամ, Facebook-ին 5- ից 6 հազար անգամ։

Ամենից շատ հարցումներ, ավելի քան 30 հազար, ստացել է Yahoo-ն։ Վիճակագրությանը վերաբերում է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ՀՖԲ և Ազգային անվտանգության գործակալության կողմից արված գաղտնի հարցումներին:

Ամերիկյան ՏՏ ընկերությունները կարողացել են հատուկ ծառայությունների հարցումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել Արդարադատության նախարարության հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Հունվարի վերջին ԱՄՆ արտաքին հետախուզության գործունեությունը վերահսկող դատարանը թույլատրեց հրապարակել գաղտնի հարցումների և օգտատերերի մոտավոր թիվը։ Ընկերություններին թույլատրվել էր այս տեղեկատվությունը հրապարակել միայն վեց ամիս անց, միևնույն ժամանակ արգելվել է հրապարակել օգտատերերի և նրանց մասին հարցումներն ուղարկած կազմակերպությունների անունները։

Ընկերությունները նշել են, որ տեղեկատվության այս մակարդակի բացահայտումը բավարար չէ։ Այսպես, Google-ը նշում է, որ վերահսկողության համակարգի գործունեությունը պետք է ավելի թափանցիկ լինի, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, թե ինչպես են գործում ինտերնետից օգտվողներին հետևել թույլատրող օրենքները և արդյոք դրանք ծառայում են հանրային շահին։ Հունվարի կեսերին առավել մեծ թափանցիկության կողմ էր արտահայտվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Microsoft, Google, Yahoo, Facebook և Linked-In ընկերությունները ԱՄՆ արտաքին հետախուզության գործունեությունը վերահսկող դատարան էին դիմել այն բանից հետո, երբ 2013 թվականի ամռանը հայտնի դարձավ ինտերնետից օգտվողներին հետևելու PRISM ծրագրի շրջանակներում ԱԱԳ հետ նրանց համագործակցության մասին։ Ընկերությունները պահանջեցին, որպեսզի իրենց թույլ տրվի հրապարակել օգտատերերի վերաբերյալ հատուկ ծառայությունների հարցումների մասին մանրամասն վիճակագրությունը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել