Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք օրենքներում և Կառավարության որոշումներում, որոնց նպատակն է մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, բարձրացնել դրա գրավչությունը, կանգնեցնել արտագաղթը և կանխել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Սարգսյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ։
Ըստ պատգամավորի՝ նախագծերով և՛ խրախուսումներ, և՛ խստացումներ են նախատեսվում։
Խստացող կարգավորումներ․
- Որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության,
- Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին,
- Մինչև 18 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ,
- Քրեականացնել փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը։
Խրախուսող կարգավորումներ․
- Ֆինանսական միջոցներ ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը, որն այժմ կազմում է ամսական 3400 դրամ,
- Կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին,
- Խրախուսել արական սեռի անձանց ստանալ ՀՀ քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը՝ տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայության անցնելու փոխարեն վճարել սահմանված չափով գումար։