Կառավարության որոշմամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագիրից։ Եկեք հարցուպատասխանի միջոցով պարզենք, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։
Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից
Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ պայմաններին՝
- 2024 թվականին իրականացրել եք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն,
- 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում հանդիսացել եք բացառապես շրջանառության հարկ վճարող,
- դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը,
- աջակցության տրամադրման եռամսյակի արդյունքներով՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է տվյալ եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ շրջանառության հարկի հաշվարկով առկա է հայտարարագրված՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար,
- դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին պետք է ներկայացնեք առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ:
Որքան է աջակցության չափը
Աջակցություն կտրամադրվի համապատասխան եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի և նույն եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, ինչպես նաև՝ 1.5 տոկոսի տարբերության չափով՝ լրացուցիչ աջակցություն, եթե մինչև 2025 թվականի հունվարի 1-ն ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով ունենաք հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար։
Հիշեք, որ լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը։
Աջակցության չափի հաշվարկման օրինակներ
Օրինակ 1
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
– եկամուտը կազմել է 5.000․000 դրամ,
– ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
– հարկ վճարողը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ չունի շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար,
– 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 405.000 դրամ (5.000.000*10% – 1.000.000*9.5%)։
Տվյալ դեպքում տնտեսվարողի հիմնական աջակցության գումարը կկազմի 155.000 դրամ (405.000 – 5.000.000*5%), իսկ լրացուցիչ աջակցություն չի հաշվարկվի, քանի որ տնտեսվարողը չունի 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։
Օրինակ 2
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
– եկամուտը կազմել է 5.000.000 դրամ,
– ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
– հարկ վճարողի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը կազմում է 100.000 դրամ,
– 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 305.000 (5.000.000*10% – 1.000.000*9.5% – 100.000)։
Տվյալ դեպքում աջակցության գումարները կկազմեն.
- հիմնական աջակցություն՝ 55.000 դրամ (305.000 – 5.000.000*5%),
- լրացուցիչ աջակցություն՝ 137.500 դրամ (305.000-5.000.000*1.5%, բայց ոչ ավելի քան 100.000*1.375)։
Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 192․500 դրամ (55.000 + 137․500):
Օրինակ 3
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
– եկամուտը կազմել է 5.000.000 դրամ,
– ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
– հարկ վճարողի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը կազմում է 300.000 դրամ,
– 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 105.000 (5.000.000*10% – 1.000.000*9.5% – 300.000)։
Այս դեպքում, շրջանառության հարկ վճարողը կստանա միայն լրացուցիչ աջակցության գումար՝ 30.000 դրամի չափով (105.000 – 5.000.000*1.5%, բայց ոչ ավելի քան 300.000*1.375), քանի որ պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը իրացման շրջանառության 5%-ը կազմող գումարից փոքր է։
Ինչպես դիմել աջակցություն ստանալու համար
Աջակցության ծրագրից օգտվելու համար [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին պետք է ուղարկեք դիմում և ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ (ձևերը կցվում են)։
Երբ դիմել աջակցություն ստանալու համար
2025 թվականի առաջին եռամսյակի համար աջակցություն ստանալու համար պետք է դիմել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։ Դիմումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում հարկային մարմինը կստուգի տնտեսվարողի համապատասխանությունը շահառու համարվելու պայմաններին և հաստատվելուց հետո աջակցության գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին, իսկ դիմումի մերժման դեպքում՝ 1 ամսվա ընթացքում այդ մասին հետադարձ ծանուցմամբ կտեղեկացվի էլեկտրոնային փոստի հասցեին:
Կարևոր է իմանալ․ եթե աջակցության գումարը ստանալուց հետո հարկ վճարողը ներկայացնում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ, որի հետևանքով արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար, ապա այն ճշգրտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերադարձնել պետական բյուջե՝ գանձապետարանի՝ այդ նպատակով բացված համապատասխան հաշվին։