Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am -ը։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։
Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։
Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։
Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 30.03.2025 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում: ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն»,-ասվում է հաղորդագրության մեջ: