Իրավաբան Տարնո Սիմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ որևէ իրավական հիմք չկա Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունում։
«Միակ հիմքը քաղաքական նպատակն է՝ անձանց նվաստացնելու և դրանով հանդերձ նաև հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնելու, հետագայում նաև Հայաստանի Հանրապետության դեմ որևէ իրավական կամ քաղաքական լծակ կիրառելու համար։ Այստեղ իրավական գործընթացի մասին խոսք չկա, բացառապես քաղաքական գործընթաց է, բացառապես բեմականություն է, որով ադրբեջանական ղեկավարությունը փորձում է շարունակել իր հանցագործությունները»,-նշեց նա։
Իրավաբանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացիների պաշտպանելու Սահմանադրական պարտավորություն ունի, որտեղ էլ գտնվեն քաղաքացիները՝ առավել ևս թշնամական պետությունում։ Եվ թշնամական պետությունում խոշտանգումների ենթարկվելիս։
«Այստեղ պետք է գերակտիվ լինի Հայաստանի Հանրապետությունը։ Կա իրավական և քաղաքական կոմպոնենտ։ Իրավական տեսանկյունից այսօր էլ կան մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց շրջանակներում Հայաստանը կարող է դատավարական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ։ Խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիա կա, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կարող է Ադրբեջանին դատի տալ Արդարադատության միջազգային դատարանում և երկրորդ գործը նախաձեռնել այդ դատարանում, մեկն ունենք։ Մեկ այլ կոնվենցիա կա, պատանդներ վերցնելու դեմ կոնվենցիան է և այս կոնվենցիան ևս կարող է օգտագործվել։ Սրան զուգահեռ, եթե մենք քաղաքական մեր գործելաոճում, մեր բառապաշարում չենք ավելացնում նաև ջանքերը ուղղված Ադրբեջանի դեմ, բնականաբար միայն իրավական լծակներով էդքան էլ արդյունավետ չի լինելու։ Երբ ինչ-որ հարցերի շուրջ բանակցում են, կարող են նախապայմանով հանդես գալ, որ չի կարելի բանակցություններ սկսել կամ շարունակել, երբ դուք շարունակում եք մեր քաղաքացիներին խոշտանգել ադրբեջանական բանտերում և բեմականացնել դատավարություն»,-նշեց Տարոն Սիմոնյանը։
Իրավաբանն ընդգծում է, որ նաև պետք է դիվանագիտական ճանապարհները գործի դնել՝ այլ պետությունների հետ համագործակցելով, խնդրել, որպեսզի այլ պետություններն իրենց դիվանագիտական հաստատություններն օգտագործեն, որպեսզի վերահսկողական լծակներ ավելացնեն Ադրբեջանի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան