«Բաքվում պահվող մեր հայրենակիցներն ամեն ինչ ասելու իրավունք ունեն»․ Արտակ Բեգլարյան

Ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց իրականացվում է ակցիա, որի շրջանակներում նամակ է հանձնվելու Շվեյցարիայի դեսպանատանը և ԱԳՆ-ին։

ԼՂ նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա նամակների գլխավոր կոչն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Ադրբեջանում պատանդառված անձանց քաղաքացիության երկիր, դիմի Շվեյցարիայի Համադաշնությանը, որպես չեզոք երկիր, Շվեյցարիան էլ իր հերթին պետք է դիմի Ադրբեջանին, որպեսզի հյուպատոսական ծառայությունից օգտվեն պատանդառված անձինք։

«Այսինքն Շվեյցարիայի հյուպատոսն Ադրբեջանում այցելություն ունենա կամ պարբերական այցելություններ ունենա ՀՀ քաղաքացիներին, մեր բոլոր գերեվարված անձանց։ Մեր այս կոչը, պահանջը, խնդրանքը հիմնված է հյուպատոսական ծառայության մասին Վիեննայի կոնվենցիայի վրա, որը թույլ է տալիս, որ այն պետությունները, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն, այդ երկու, այսպես ասած՝ հակամարտող պետությունները կարող են դիմել երրորդ չեզոք երկրի, որպեսզի կարողանան օգտվել հյուպատոսական ծառայությունից»,-ասաց նա։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Բաքվի դատարանում ինչ ցուցմունք էլ հրապարակվի, ինչ էլ ներկայացվի, դա չի կարող լինել լեգիտիմ ապացույց, որովհետև գիտի, թե ինչ պայմաններում են հայերը պահվում Ադրբեջանում։

«Դա կարող է խեղաթյուրված լինել թե՛ մոնտաժի միջոցով, թե՛ ուղղակի որպես գրավոր խոսք։ Եվ ամենակարևորը․ մեր հայրենակիցներն իրավունք ունեն այնտեղ ամեն ինչ ասելու, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Նույնիսկ, եթե այն ինչ ներկայացվում է ուղղակիորեն իրենց ասածն է, նույնիսկ այդ պարագայում իրենք իրավունք ունեն ամեն ինչ ասելու»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել