«Հրամանատարին գրկած զոհվել են»․ կամավորական Վաղարշակը զինակիցներին հանել է շրջափակումից

Վաղարշակ Սերյոժայի Գալստյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է որպես կամավոր։

Կինը՝ Սուսաննա Նազարյանը, ամուսնուն նկարագրելիս շեշտում է, որ նա եղել է շատ հայրենասեր ու իր որդուն էլ նույն կերպ է փորձել դաստիարակել։

«Աչքերը բացելուն պես առաջին բանը, որ անում էր, դա լուրերը ստուգելն էր, թե ինչ իրավիճակ է Հայաստանում։ Սեպտեմբերի 27-ին էլ արթնացավ առավոտյան սուրճն էր խմում ու տեսավ, որ պատերազմ է։ Հենց այդ օրն էլ անմիջապես մեկնեց, արցախցի երեխաներին բերեցին մեզ մոտ։ Եկավ տուն, լոգանք ընդունեց, նորից գնաց։ Ասաց՝ հեսա գալու եմ, հեսա վերջանալու ա, գալու եմ։ Այդ պահին ես դպրոց էի գնում, ասաց՝ չես սպասու՞մ՝ հաջող անես, նոր գնաս, ասացի՝ ոչ, ես չեմ ուզում, որ դու գնաս, եթե գնում ես, ես քեզ հաջող չեմ անում։ Ամեն անգամ իրեն ասում էի, որ իր պարտքն արդեն կատարել է, որ գա։ Ասում էր՝ ամո՞թ չի, 18 տարեկան զինվորը զենքը ձեռքին կանգնած է, ես թողնեմ, գա՞մ։ Մինչև վերջին շունչը ինքը կռվել է, փրկել է շատերի կյանքը, բայց Աստված իր կյանքը չփրկեց»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է կինը։

Սուսաննայի խոսքով՝ ամեն օր խոսել է ամուսնու հետ, վերջին զանգը եղել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ի առավոտյան։

«Ես մինչև վերջին պահը մտածել եմ, որ ոչինչ չի լինելու, ինքը հետ է գալու։ Անգամ, որ այդ օրը չզանգեց, ես չեմ մտածել, որ ինչ-որ բան է եղել։ Պարզապես մտածեցի, որ պատերազմական իրադրության պատճառով չի զանգում։ Ինքը երբեք չէր խոսում մեր տղայի հետ, հոկտեմբերի 29-ին խոսեց։ Ասել էր, որ երեք օրից հետ է գալու, բայց 3 օրը դարձավ մի ամբողջ կյանք, որ հավերժ իրեն սպասենք»,-ասում է Սուսաննան։

Վաղարշակն ընկերների հետ շրջափակման մեջ է հայտնվել Հադրութում։ Մարտական ընկերները պատմել են, որ նա միայնակ գնացել է ու զենք, սնունդ, ծխախոտ է բերել տղաների համար։ 

«Շարջափակումից ինքն է հանել բոլորին։ Պատմում են, որ երբ շրջափակումից դուրս են եկել, Վաղարշակը բոլորին, ովքեր ամուսնացած չեն, տուն է ուղարկել, ասել է՝ ես տղա ունեմ, իմ գործը կշարունակի, դուք գնացեք, ընտանիք կազմեք։ Պատմում են, որ այդ պահին արցունքներն աչքերից գնացել է, հասկացել է, որ ինքը չի վերադառնալու։ Հետո գնացել է «Մարտունի-2»։ Այնտեղ իրեն բոլորը ճանաչել են՝ Քավոր Վաղո։ Բոլորին «դուխ» է տվել ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու ու ինքը բոլորի քավորն է լինելու»,-պատմում է մայրը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել