Կինը, մտածելով, որ մեկ այլ տղամարդու հետ սեռական հարաբերության լուսանկարները կհայտնվեն ամուսնու մոտ, ոստիկանությունում հայտնել է, որ ամեն ինչ իր կամքին հակառակ է եղել

Հայաստան Գ․-ը, ծանոթանալով տաքսու վարորդ Էդիկ Հ․-ի հետ, օգտվել է նրա կողմից մատուցած ծառայությունից, մտերմացել են, որից հետո փոխադարձ համաձայնությամբ բազմիցս սեռական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։

Որոշ ժամանակ անց Հայաստան Գ․-ը, զանգահարելով Էդիկ Հ․-ին, ցանկացել է հանդիպել նրան, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո մտածելով, որ տղամարդու բջջային հեռախոսում առկա են իրենց լուսանկարները, որոնք նա կարող է ցույց տալ իր ամուսնուն, ներկայանալով իրավասու մարմին՝ տվել է սուտ տեղեկություն, նշելով, որ «ոմն Էդոն» իր մեքենայով իրեն տարել է Ապարան քաղաքից դուրս և իր կամքին հակառակ ունեցել է սեռական հարաբերություն։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին և մակագրվել դատավոր Սուրեն Մնոյանին։

Հայաստան Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Նշվում է, որ Հայաստան Գ․-ը շուրջ 2 տարի առաջ ծանոթանալով տաքսի ծառայությունով զբաղվող Էդիկ Հ․-ի հետ, հաճախակի օգտվելով վերջինիս կողմից մատուցած ծառայությունից, մտերմացել է, շփվել հեռախոսազանգերով, որից հետո փոխադարձ համաձայնությամբ բազմաթիվ անգամ սեռական հարաբերություն են ունեցել միմյանց հետ, որի ընթացքում Էդիկ Հ․-ը իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով նկարահանել է իրենց:

Դատարանի որոշմամբ՝ կիրառվել է արագացված վարույթ։

Դատարանը վճռել է Հայաստան Գ․-ին մեղավոր ճանաչել և դատապարտել հանրային աշխատանքների՝ 150  ժամ տևողությամբ։

Հանրային աշխատանքների կատարաման հսկողությունը հանձնարարվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանմանը:

Դատական ակտը հրապարակվել է դեկտեմբերի 25-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ընտրված լուսանկարը տվյալ նյութի հետ առնչություն չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել