8 տարվա ազատազրկում՝ չնայած արդարացման դրվագներին. Վերմիշյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով 2024 թվականի նոյեմբերի 15-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատավճռով վճռաբեկ բողոք է ներկայացվել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը 2 դրվագով արդարացրել է Վերմիշյանին, բայց առաջին ատյանի կողմից կայացված 8 տարի ազատազրկումը մնացել է անփոփոխ։

Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մեզ հետ զրույցում խոսելով կայացված որոշման մասին՝ կարևոր խնդիր է բարձրացնում՝ եթե առաջին ատյանում 8 տարվա ազատազրկում էր պահանջվելու բոլոր մեղադրանքներով, իսկ վերաքննիչ դատարանում կա 2 մեղադրանքով արդարացում և ևս 1 դրվագով վաղեմության ժամկետի կիրառում, ինչո՞ւ այդ 8 տարին մնաց ակտուալ։

«Որովհետև այդ պահին կաշառքի հանցակազմը սահմանում է պատասխանատվություն՝ 4-8 տարի ժամկետով, և դատարանները, ըստ էության, վարչապետի ցուցումը, հանձնարարականը, որ պատիժը պետք է լինի ամենախիստը, կաշառքի համար սահմանված 8 տարին ապահովել են․ այլ տրամաբանություն չկա այստեղ»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ մեկ այլ դրվագով, երբ փորձել են Վահագն Վերմիշյանի ազատությունը վիճարկել վարչական դատարանում, առաջին ատյանի դատարանը մերժել է, վերաքննիչ դատարանը՝ բավարարել, և պարտավորեցրել Կառավարությանը վերականգնել պաշտոնում, գումարներ փոխհատուցել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, գաղտնալսումները, ներքին դիտումները տեղի են ունեցել էական խախտումներով, նշում է Վահագն Վերմիշյանի պաշտպանը, նաև հավելում, որ ԱԱԾ-ն այս գործով իրավունք չի ունեցել քննելու Վերմիշյանի գործը, այստեղ էլ առկա է եղել քննչական ենթակայության կանոնների կոպիտ խախտում։

Պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքի համար հիմք է հանդիսացել Վերմիշյան-Նատալյա Չեռնիկովա կապը, ու վերջինս, ըստ գործի նյութերի, որևէ գործառույթ չի իրականացրել, սակայն դրա դիմաց վարձատրվել է։ Գործի քննության ընթացքում մի շարք անձանց կողմից տրված ցուցմունքները վկայել են՝ Չեռնիկովան իր պաշտոնից բխող աշխատանքները կատարել է, զբաղվել մեգանախագծերով։

Այս դրվագով ևս վճռաբեկ բողոք է ներկայացվել, փաստաբանը Iravaban.netի հետ զրույցում մանրամասն ներկայացրել է մյուս դրվագների վերաբերյալ պաշտպանության կողմի պնդումներն ու դատարանի որոշմանը հակասող փաստարկները։

Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչել և արդարացում է պահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել