Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ Հայաստանն Ադրբեջանին իր տարածքով անցում է առաջարկում դեպի Նախիջևան այն նույն պայմաններով, ինչպես և Իրանը, ՀՀ-ում Իրանի դեսպանը նշել է՝ այն երթուղին, որ անցնում է Իրանի տարածքով, ամբողջությամբ Իրանի իրավազորության, տարածքային ինքնիշխանության ներքո է, մաքսային կանոնակարգումներն արվում են Իրանի օրենսդրությանը համապատասխան։
Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մեհդի Սոբհանին մանրամասնել է՝ Ադրբեջանը նախկինում ունեցել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցություն, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն ավելի է մոտեցել Իրանի և Հայաստանին սահմանին։
Նրա խոսքով՝ նախկին բեռնափոխադրման երթուղին համեմատաբար ավելի երկար էր, ուստի ներկայացվեց հետևյալ գաղափարը` Ադրբեջանն այդ երթուղու մեծ մասն անցնի հենց իր տարածքով, մնացած մասը՝ ՀՀ–ի և Իրանի սահմանի մոտ տարածքով։
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք, որ նոր կետով շարունակեն իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Երբ ավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները, ադրբեջանական մեքենաները կարող են այդ ճանապարհով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50 կմ է»,- նշել է դեսպանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:
Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում: