Ֆերմերային տնտեսության կամ վերջինիս լիազորած անձի կամ գնորդի համար անվճար սպանդի ծառայություն մատուցած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու դիմաց փոխհատուցում կտրամադրվի

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ պայմանավորված առանձին դրույթներ հստակեցնելու և շտկելու անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ պարզվել է, որ  խոշոր եղջերավոր կենդանիները սպանդանոց են տեղափոխվում ոչ միայն ֆերմերային տնտեսությունների կողմից այլև նրանց լիազորած անձանց կամ գնորդի կողմից։ Բացի այդ, ԽԵԿ-երի նույնականացման համար անհրաժեշտություն է առաջացել ունենալ նաև ԽԵԿ-երի սպանդի վերաբերյալ N 5 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները։

Միաժամանակ սպանդանոցային սպանդի ծավալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուկայահանվող ամբողջ մսեղիքի ծավալում սպանդանոցային սպանդի արդյունքում ստացված մսեղիքի մասնաբաժինը շատ փոքր է։ Սպանդանոցային սպանդը խրախուսելու, բակային մորթի ծավալները կրճատելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նոր՝ Սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության ծախսերի փոխհատուցման ծրագիր, որով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել սպանդանոցներին՝ ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց, նշված է հիմնավորման մեջ։

 Նախագծով առաջարկվում է՝

  • Ծրագրի առանձին դրույթներում կատարել փոփոխություն և լրացումներ, ըստ որոնց՝ ԽԵԿ-երը սպանադանոց կարող են տեղափոխվել նաև ֆերմերային տնտեսությունների կողմից լիազորված անձանց կամ գնորդների կողմից, ինչպես նաև սահմանվել է լրացուցիչ պահանջ այն մասին, որ շահառուն փոխհատուցման ստացման դիմումին կից պետք է ներկայացնի ԽԵԿ-երի սպանդի վերաբերյալ N 5 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները,
  • Նախագծի ընդունումից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին, նախագծով սահմանված ընթացակարգի համաձայն տրամադրել ֆերմերային տնտեսության կամ վերջինիս լիազորած անձի կամ գնորդի համար անվճար սպանդի ծառայություն մատուցած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու դիմաց 10 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։
  • Ընդ որում փոխհատուցում չի տրամադրվում ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին կամ գնորդներին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներին և տնտեսավարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության դիմաց։

Հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրի ընթացակարգը, իսկ Սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության ծախսերի փոխհատուցման ծրագրով կխթանվի սպանդանոցային սպանդը, կբարելավվի ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ ԽԵԿ-երի մսեղիքի մատակարարման գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել