Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար Կառավարության հայտարարած մրցույթին դիմել է միայն մեկ անձ՝ Ռաֆայել Երիցյանը։ Այսօր՝ հունվարի 20-ին, նշանակված հարցազրույցի փուլը թեկնածուն չհաղթահարեց։
Այս մասին հայտարարեց ԲԴԽ անդամ, մրցութային խորհրդի նախագահ Կարեն Թումանյանը․ «Ռաֆայել Երիցյանը բավարար չափով միավորներ չի հավաքել»։
Հիշեցնենք՝ Iravaban.net-ն ավելի վաղ հայտնել էր, որ մրցութային խորհրդում ընդգրկված 3 անդամները փոխկապակցված են, ստեղծվել է շահերի բախման իրավիճակ խորհրդում։ Նրանք են ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։
Դրա դրսևորումն արդեն առաջին նիստի ընթացքում խորհրդի նախագահի ընտրությունն է։ Առաջին նիստի ընթացքում խորհուրդը պետք է նախագահ ընտրեր։ Ինքնաառաջադրումներ չեղան, այդ ժամանակ տիկին Չատինյանը հայտարարեց, որ առաջարկում է Կարեն Թումանյանի թեկնածությունը, որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի նախագահ։
Մեր ուսումնասիրության արդյունքում նաև փորձել էինք հասկանալ, թե ինչպես են հենց նշված ՀԿ-ները հայտնվել մրցութային խորհրդում։ Վերջին հարցի հետ կապված հարցում է կատարվել Վարչապետի աշխատակազմին, մանրամասները խոստացել էինք անդրադառնալ հաջորդ հրապարակումներում, սակայն Վարչապետի աշխատակազմը թերի է պատասխանել Iravaban.net-ի հարցմանը։
Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ անձ։ Հիմնավոր կասկածներ կան, որ իրական մրցույթ չի անցկացվելու, այլ տեղի է ունենալու միայն հավանական թեկնածուի համապատասխանության ստուգում՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին։
Թեև օրենքը չի արգելում մեկ թեկնածուի մասնակցությամբ մրցույթը, սակայն նման ընթացակարգը վստահություն չի ներշնչում, օրենքում համապատասխան օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։