Կվերանայվի  նախադպորցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով կվերանայվի  նախադպորցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ հայ երեխաների թերաճության և գիրության բեռի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում: Երեխաների շրջանում արձանագրվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Համաձայն 2021/2022 թթ. Հայաստանում ԱՀԿ-ի մեթոդաբանությամբ իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության»` 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 17%-ի և տղաների 31%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ ճարպակալում: 2019 թվականին Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության տվյալների համաձայն՝ 7-9 տարեկան երեխաների 27,7% ունեն ավելցուկային քաշ, իսկ 12,6% ճարպակալում:

Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից, իր մեջ ներառում է առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն: Մեծահասակների վաղաժամ մահացության 70%-ը պայմանավորված է դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով:

Երեխաների առողջ սնուցմանն ուղղված քաղաքականությունը վճռորոշ դեր է խաղում ամբողջ ազգի առողջության ձևավորման գործում: Արդյունավետ միջոցառումները կարող են էական ազդեցություն ունենալ հանրային առողջության վրա:

Վաղ հասակում առողջ սնուցման վարքագծի ամրապնդումը կուտակային ազդեցություն է ունենում երկարաժամկետ ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել վերանայել նախադպորցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները։

Նշվում է, որ հաստատությունում սննդի կազմակերպումը պայմանավորվում է երեխաների գտնվելու տևողությամբ`

1) մինչև 3-3,5 ժամ` սնունդ չի կազմակերպվում,

2) 3,5-5 ժամ` կազմակերպվում է մեկից երկու անգամվա սնունդ` հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,

3) 5 ժամից ավելի` սնունդը կազմակերպվում է հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,

4) երեխաների սնուցման ռեժիմը` պայմանավորված հաստատությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է նորմատիվի աղյուսակ 1-ում:

Ճաշացուցակում ներառվում են.

  • միրգ և բանջարեղեն.

ա․ առնվազն երկու չափաբաժին բանջարեղեն կամ աղցան, բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենից (կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն)` ամեն օր․

բ․ առնվազն երկու չափաբաժին միրգ` ամեն օր․

գ․ առնվազն երեք տարբեր մրգեր և երեք տարբեր բանջարեղեն` ամեն շաբաթ.

  • կաթ և կաթնամթերք.

ա․ անյուղ կամ ցածր` առավելագույնը 2,5% յուղայնությամբ (այսուհետ` ցածր յուղայնությամբ) չհամեմված կաթ՝ կամ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (բացառությամբ կաթնաշոռ) կաթնաթթվային սննդամթերք` առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր (մինչև 2 տարեկան երեխաներին տրամադրվում է ամբողջական կաթ կամ ամբողջական կաթից պատրաստված կաթնաթթվային սննդամթերք).

բ․ պանիր, կաթնաշոռ` շաբաթական 2-3 անգամ․

  • միս, ձուկ, ձու, լոբազգիներ (սպիտակուցի աղբյուրներ).

ա․ սննդի այս խմբի առնվազն մեկ սննդամթերքից առնվազն մեկ չափաբաժին` առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր․

բ․ մսի, թռչնամսի կամ ձկան մեկ չափաբաժին` շաբաթական 2-3 անգամ․

  • Ըմպելիքներ.

ա․ խմելու ջուր` մշտապես․

բ․ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ` 3-6 տարեկան երեխաների համար և ամբողջական կաթ՝ 1-2 տարեկանների համար՝ ամեն օր․

գ․ 100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի (առավելագույնը 150 մլ)․

դ․ մրգային կամ բանջարեղենային հյութ (առանց շաքարի կամ մեղրի ավելացման).

ե․ պարզ ֆերմենտացված կաթով (օրինակ՝ ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ)․

զ․ կակաո (ոչ ավել քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ).

է․ չի թույլատրվում կոֆեին պարունակող ըմպելիքների (այդ թվում թեյի) տրամադրում.

  • օսլա պարունակող սննդամթերք (օրինակ` հաց, ձավարեղեն, կարտոֆիլ).

ա․ հաց` առանց ավելացված կենդանական կամ բուսական յուղի` ամեն օր․

 բ․ ամբողջահատիկից պատրաստված հաց` շաբաթական առնվազն մեկ օր․

գ․ ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն․)` շաբաթական առնվազն 2 անգամ․

  • ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սնունդ.

ա․ խմորեղեն (ոչ կրեմային)` առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական․

բ․ որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել բանջարեղեն և միրգ՝ առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման․

գ․ չի թույլատրվում կրեմային հրուշակեղեն, շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք կամ այլ աղանդեր (բացառությամբ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ)․

դ․ աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար․

ե․ ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով։

Պետք է ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվի հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշված լինի խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:

Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, հաստատություններում չի օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և չի պատրաստվում նշված խոհարարական արտադրանքը`

1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենային հումք և սննդամթերք,

2) թռչուն՝ չմաքրած փորոտիքով,

3) ձու` անլվա կճեպով,

4) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,

5) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,

6) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,

7) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,

8) պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,

9) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,

10) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,

11) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,

12) դոնդողածածկ խոհարարական արտադրանք (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),

13) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,

14) կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),

15) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,

16) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,

17) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,

18) մակարոն աղացած մսով,

19) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,

20) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,

21) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),

22) երշիկեղեն,

23) թերխաշ և հում ձու,

24) պաղպաղակ, ժելե,

25) կարամել,

26) քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք։

Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից, հաստատություններում չի օգտագործվում`

1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,

2) մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ, մարգարին, խոհարարական ճարպ և տրանսճարպեր, սպրեդ,

3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,

4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում թեյ), էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,

5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ, նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,

6) գազավորված ըմպելիքներ` ավելացված շաքարով,

7) գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ,

8) մաստակ,

9) շաքարի և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:

Առավել մանրամասն՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել