«Մոտենում է, յուղաներկը լցնում մեքենայի վրա ու գնում»․ անհայտ անձը վնասել է փաստաբանի գույքը

Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել էր տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է անհայտ անձը վնասել իր մեքենան, յուղաներկով վնասել ամբողջ գույքը։

Iravaban.net-ը կապվել է փաստաբանի հետ, նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքից անմիջապես հետո ահազանգել է ոստիկանություն, ու այժմ ակտիվ աշխատանք է տարվում նման արարք կատարած անձի ինքնությունը պարզելու համար։

«Կարող եմ ասել մի բան, որ անմիջապես իմ փաստաբանական գործունեության հետ է կապված, ճիշտ է, ես աղմկահարույց գործերով չեմ զբաղվում, քրեաիրավական ոլորտում չկամ, բայց բնականաբար այլ կողմեր էլ կան։

Ես հաղորդում եմ տվել և արդեն վերցված տեսախցիկներով ունեմ մոտավոր պատկերը՝ ով է նման բան արել։ Ոստիկաններն ակտիվ աշխատում են, արդեն իմ մատնանշած մարդու հասցեով այց են կատարել։ Վերջնական չասեմ, որ այդ անձն է եղել, վստահ կլինեմ, երբ իրականում դա պարզվի ու ինքն էլ խոստովանի, բայց կասկածներ արդեն իսկ ունեմ։

Վերջին ժամանակներում կոնֆլիկտային հարաբերություններ որևէ մեկի հետ չեմ ունեցել, խնդիրներ, վեճեր չեն եղել, սա հին է, 1 տարի վաղեմության, արդեն ավարտված վարույթով գործ։ Տվյալ արարք կատարողն այնպիսի մարդ է, որի մոտ չարություն, անզորություն կա, և որոշել է, որ պետք է գույքից իր վրեժը լուծի կամ գույքը վնասելով փորձի ինձ բարկացնի, վնասի։

Փաստաբանի խոսքով՝ այժմ հետևողականորեն աշխատում են այս ուղղությամբ, քանի որ հետագայում հնարավոր է տվյալ անձը այլ քայլեր ձեռնարկի, ինչը կարող է անդրադառնալ նաև ընտանիք անդամների վրա։

«Երբ ոստիկանները այցելել են նրա տուն, դուռը չի բացել, հրաժարվել է ոստիկանություն ներկայանալ։ Տեսախցիկով երևում է․ ինքը հստակ գիտի իմ գրասենյակի հասցեն, մեքենան, մոտենում է, յուղաներկը լցնում մեքենայի վրա ու գնում»,-հավելեց նա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել