Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հատուկ հոսքի շրջանակներում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ վիրտուալ հանդիպում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Լիզա Գրիգորյանի հետ:
Դատավորը ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիային շարունակական զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նման կրթական ծրագրեր իրականացնելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում դատավոր Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դերն ու գործառույթները հակակոռուպցիոն պայքարում, հատուկ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման առանձնահատկություններին և միջազգային փորձին: Նա նաև ծանոթացրեց ներկաներին եռաստիճան դատական համակարգի և Վճռաբեկ դատարանում գործերի քննության ընթացակարգերին:
Ինտերակտիվ քննարկման ընթացքում ունկնդիրները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել դատավորին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործունեության, քննվող գործերի ժամկետների և պալատի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ:
Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: