ֆինանսների նախարարությունն ամփոփում է տարին։ Նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով առաջարկվում է մասանգիտական ծառայությունները հանել շրջանառության հարկից և հարկել հարկման ընդհանուր համակարգում։
«Հիմա Ազգային ժողովում քննարկման մեջ է գտնվում մասնագիտական որոշ ծառայությունները շրջանառության հարկից, համակարգից հանելու օրինագիծը, որը ներկայացվել էր մի ձևով և քննարկումների ընթացքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, դեռ վերջնական ոչինչ չեմ կարող սրա մասով ասել, միայն կարող եմ ասել, որ արդեն իսկ ընդունված օրենք գոյություն ունի, որը փաստաբանական գործունեությունը և նոտարական գործունեությունն է հանում շրջանառության հարկի համակարգից։ Բնականաբար այստեղ նաև այս ուղղությամբ ենք մեծ վերլուծական աշխատանք կատարում և ես շատ ուրախ եմ, որ մենք այնպիսի խորությամբ ենք սկսել հարցերին նայել, որը բնութագրվում է բավականին զարգացած ինստիտուտներին։ Այս առումով պետք է նշեմ բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցության փաթեթը, որի պատրաստման ուղղությամբ Ֆինանսների նախարարությունը մեծ աշխատանք է կատարել»,-նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:
Նշենք, որ թեմայի վերաբերյալ մի շարք փաստաբաններ հանդես են եկել հայտարարություններով և նշել, որ հարկման նման համակարգում գործելու դեպքում զգալի կթանկանան փաստաբանական ծառայությունները, ինչը վնասում է քաղաքացիների իրավունքների իրացմանը։