Հենրիկ Նավասարդյանի որդու մեքենայից թմրանյո՞ւթ է հայտնաբերվել

Հունվարի 11-ին, ժամը 14.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է,   «Ինֆինիտի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլուխը բռնած նստեց մեքենա և գնաց: 

Ոստիկանության  Մարաշի բաժանմունքի ծառայողների և   Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Նավասարդյանը և նրան պատկանող «Պորշ Կայեն»   մակնիշի ավտոմեքենան, ինչպես  և ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն և 1985 թ. ծնված Դ. Ա.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող  տոնավաճառում Դավիթ Նավասարդյանը վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ  Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին և պատճառել վնասվածքներ:

Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն»  մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է   դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ և կաթուցիչ, որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված:

Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ  Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Ոստիկանության հաղորդմամբ՝ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ Դավիթ Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝ Հենրիկ Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել