Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են Հարավային Կովկասին եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանին վերաբերող հարցեր, մասնավորապես քննարկվել է Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո ստեղծված իրավիճակը։
Պետությունների ղեկավարները շնորհավորել են սիրիացի ժողովրդին այս կապակցությամբ և աջակցություն հայտնել սիրիական պետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Հույս հայտնելով, որ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ այժմ Սիրիայում կսկսվի կայունության շրջան՝ նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի հետ միասին պատրաստ է աջակցել սիրիացի ժողովրդի հումանիտար խնդիրների վերացմանը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակությամբ նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան, ինչպես բոլոր ոլորտներում, համատեղ գործունեություն են ծավալելու նաև սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության և աջակցության հարցում։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունների և ռազմավարական դաշինքի զարգացման հեռանկարների շուրջ։