2023 թվականի օգոստոսի 9-ին զինծառայող Բ․ Խաչատրյանը Ա․ Ղազարյանից տեղեկանալով, որ համածառայակից՝ Ժ․ Կարապետյանը նախորդ օրը, դիտորդի պարտականությունները կատարելիս քնել է, Ա․ Գասպարյանի հետ միասին՝ նվաստացրել են Ժորա Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը։ Գործի քննությունը այժմ դատարանում է։
Iravaban.net-ն այս մասին տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ զինծառայակիցները անձնակազմի ներկայությամբ դիտողություն են արել Ժ․ Կ․-ին դիրքում քնելու համար՝ ասելով, որ նրան ինքնասիրությունը վիրավորող հայհոյանք է հասնում, որից հետո երկուսով հայհոյել և ծեծի են ենթարկել նրան, ամեն անգամ զինվորին տեսնելիս ապտակել են, ծաղրել են՝ ասելով, որ փնթի է, մարմնից հոտ է գալիս, արգելել են իրենց հետ հաց ուտել։ «Սխալ արարք կատարելու համար» որպես պատիժ՝ հանձնարարել են մաքրել դիրքին հարակից քարքարոտ տարածքները, ծառայություն իրականացնելու նպատակով իրենց փոխարեն դիտակետ բարձրացնել և իջեցնել իրենց ամրակցված զենք-զինամթերքը, բացի այդ, Ժորա Կարապետյանից պահանջել են իրենց համար մարտական դիրք բերել ծխախոտ և քաղցրավենիք՝ հակառակ դեպքում սպառնացել են ստորացնել նրան իր արարքի համար և հանրայնացնել այդ ամենը:
Ժ․ Կարապետյանը, գտնվելով անելանելի և ընկճված հոգեվիճակում, 2023-ի օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել՝ գլխի շրջանում կրակահերթ արձակել և ժամեր անց մահացել։
Դեպքից օրեր անց «Ազատության» հրապարակած տեսանյութում, Ժորա Կարապետյանի հարազատները չէին հավատում ինքնասպանության վարկածին՝ ասելով, որ չէր կարող մեկ անգամ կրակելուց հետո երկրորդ անգամ կրակել ինքն իրեն, կրակոցները հեռվից են եղել։
Գործը Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել 2024 թվականի մարտի 27-ին և մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։
Գործի քննության ընթացքում Բ․ Խաչատրյանի պաշտպանը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար, սակայն հանրային մեղադրող Կ․ Կարապետյանը դեմ է արտահայտվել՝ ասելով, որ Բ․ Խաչատրյանի համածառայակիցները մերկացնող ցուցմունքներ են տվել նրա դեմ և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի կողմից առկա են բազմաթիվ դատական ակտեր, որոնցով հաստատվել է կատարված հանցանքում մեղադրյալի գործողությունները հիմնավոր կասկածի առկայությունը, այսպիսով առաջարկելով երկարաձգել արդեն իսկ կիրառված խափանման միջոց կալանքը, իսկ մեղադրյալ Ա․ Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ զինվորական հսկողությունը, թողնել անփոփոխ։ Մեղադրող կողմը գտնում է, որ խափանման միջոցի փոփոխման դեպքում մեղադրյալ Բ․ Խաչատրյանը կարող է ազդեցություն ուեննալ գործով վկա հանդիսացող անձանց վրա։
Վերջին դատական նիստը կայացել է հոկտեմբերի 3-ին։ Հաջորդ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։
Լիլիթ Խաչատրյան