Տաքսու վարորդը մահակով հարվածել է ուղևորի գլխին․ վերջինս մահացել է

Նոյեմբերի 10-ի ժամը 20.20-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աէրացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերել է տղամարդու դի, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շ․-ն է: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 56-ամյա բնակչի և Սահակ Շ․-ի միջև, որի ընթացքում 56-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շ․-ի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։ Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում 56-ամյա տղամարդը ժամը 23.40-ին Դարբնիկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով, տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն: Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին:

Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել